211652_close_icon
views-count1891 դիտում article-date 16:33 25-05-2016

Մայրաքաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անունով

Սարդարապատի ճակատամարտի 98-ամյակին ընդառաջ Երևանի ավագանին մայիսի 25-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել Ավան վարչական շրջանի Շահինյան փողոցի 4-րդ նրբանցքը եզդիների ազգային հերոս Ջահանգիր աղայի անվամբ անվանակոչելու որոշման նախագծին: Ի հիմնավորում վերոնշյալ որոշման ընդունման անհրաժեշտության` նշվել է, որ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր աղան նախ իր զինվորների օգնությամբ Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումը Արևելյան Հայաստան։ Իսկ 1918 թվականին նա իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: Ջահանգիր աղան իր ջոկատով պայքարը շարունակել է նաև Հայկական բանակի կազմում՝ Դրաստամատ Կանայանի հրամանատարության ներքո: Ցուցաբերած քաջության և խիզախության համար պարգևատրվել է «Գևորգյան» խաչով։ Հարկ է նշել, որ փողոցի անվանակոչության վերաբերյալ միջնորդությունները ներկայացվել էին Հայաստանում եզդիական մի շարք հասարակական կազմակերպությունների և միավորումների կողմից: Հերթական նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը որոշվել է գումարել հունիսի 24-ին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր