Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատգամավորները հանդիպումներ են ունեցել ՀՀ Ազգային ժողովում
Մայիսի 17-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատգամավորների պատվիրակությունը, որի կազմում են Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Ելպքեն եւ Համբուրգի խորհրդարանի պատգամավորներ Մարտին Դոլցերն ու Հասան Բուրգուջօղլին, հանդիպումներ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում:
Գերմանացի պատգամավորների հետ հանդիպել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Հայաստան, ինչպես եւ՝ վաղը ԼՂ այցելելու ծրագրի համար: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս պահին Հայաստանը եւ Արցախն իրապես ունեն միջազգային հանրության անաչառ եւ օբյեկտիվ գնահատականի կարիքը:
Նա ներկայացրել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները, գերմանացի պատգամավորներին տրամադրել փաստաթղթեր, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունները հաստատող նկարներ՝ նշելով, որ արդեն սկսված է իրավական գործընթաց խոշտանգված եւ գլխատված զինվորների ու կոմբատանտների հարազատների կողմից՝ միջազգային ատյաններում
ադրբեջանական զինուժի կողմից կատարվածը որպես ռազմական հանցագործություն որակելու ուղղությամբ:
Նաիրա Զոհրաբյանը կարեւորել է միջազգային կառույցներում Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանականների աշխատանքը՝ նշելով, որ, ցավոք, մասնավորապես ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության հետ աշխատանքը որոշակիորեն կաշկանդված է գերմանական պատվիրակության որոշ ներկայացուցիչների խիստ ադրբեջանամետ եւ կողմնակալ դիրքորոշման պատճառով: