«Էկո սերունդ» ծրագրով էկոդասընթացներ են անցկացվել դպրոցականների համար
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլով մայրաքաղաքի ընտրված 5 դպրոցներում մեկնարկել են էկոդասընթացները:
Ծրագրի գլխավոր նպատակը դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելն է:
8 դասընթացներին տեսական գիտելիքներ ստանալուց բացի, աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարում. թղթի թափոններին նոր կյանք տալով` տարբեր առարկաներ պատրաստում, թեմատիկ մուլտֆիլմեր և տեսաֆիլմեր դիտում: Աշխատանքների ընթացքում պատանիները սովորում են նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու դրա կարևորությունը:
Էկոլոգիայի վերաբերյալ դասերն անցկացնում են նախապես վերապատրաստված երիտասարդ կամավորները: Էկոդասաժամերի ընդմիջումները ևս անցնում են ոչ ավանդական ձևով:
Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին մասնակցում է 6-րդ և 7-րդ դասարաններում սովորող 20 աշակերտ:
Ծրագրի 2-րդ փուլի ավարտին կկազմակերպվի էկո ցուցահանդես: Բացի այդ, մասնակիցները կայցելեն նաև քաղաքային ջերմատուն:
Հայտնելով իրենց տպավորությունները՝ դպրոցականները նշել են, որ այսուհետ ավելի նախանձախնդիր են լինելու Երևանն ավելի մաքուր պահելու գործում, իսկ ստացած գիտելիքները փոխանցելու են նաև իրենց ընկերներին: