Դեսպան Մանասարյանը Հայաստանին նվիրված ծավալուն ելույթով հանդես է եկել Չինաստանի Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակում
Մայիսի 12-ին Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը Հայաստանին նվիրված ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի Կոնֆուցիուսի Ինստիտուտների գլխամասային գրասենյակում:
Միջոցառմանը ներկա էին Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լին, Չինաստանի ակադեմիական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, համալսարանի դասախոսներ և ուսանողներ, վերլուծաբաններ, լրագրողներ։
Դեսպան Մանասարյանը ներկայացրեց տեղեկություններ Հայաստանի, Արցախի, հայկական պատմության ու մշակույթի, հայոց լեզվի և կրոնի մասին: Դեսպանն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը և հայկական Սփյուռքի ձևավորմանը։
Հայ-չինական հարաբերությունների համատեքստում դեսպանը նշեց, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմական և ավանդական ամուր կապերի վրա։ Բանախոսն ընդգծեց, որ ներկայումս Հայաստանի և Չինաստանի միջև առկա է քաղաքական բարձր մակարդակի երկխոսություն և փոխըմբռնման մթնոլորտ:
Կարևորելով Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը՝ Սերգեյ Մանասարյանը նշեց, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հանդիսանում է հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ։
Դեսպան Մանասարյանը նաև պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի: