211652_close_icon
views-count1217 դիտում article-date 21:17 02-05-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Նշելով, որ երկու երկրների միջև Հայաստանի անկախացումից հետո գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել է փոխշահավետ համագործակցություն` նախարարը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի առաքելության ընթացքում հայ-գերմանական հարաբերությունները ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կամրապնդվեն: «Հայաստանի անկախացումից հետո Գերմանիայի հետ գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն: Այս առումով կցանկանայի հատկապես նշել Գերմանիայի համագործակցության կազմակերպության (GIZ) և Գերմանիայի զարգացման բանկի (KfW) աջակցությամբ վերջին տարիներին իրականացվող ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», - ողջունելով հյուրին նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Գերմանիայի համագործակցության կազմակերպության կողմից անտառվերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի և Մաստարայի ջրամբարների վերակառուցումը: Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ընդգծել, որ ոլորտի զարգացման գրավականը գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերատիվների ստեղծումն է և այս առումով Գերմանիայի փորձը Հայաստանի համար կարող է օրինակելի լինել: Նախարարը հույս է հայտնել, որ ագրարային բնագավառում Հայաստանի և Գերմանիայի փոխգործակցությունը առաջիկայում ավելի կխորանա և կընդլայնվի: Որպես երկկողմ համագործակցության հնարավոր ուղիներ նախարարը, մասնավորապես, մատնանշել է գինեգործության, ձկնաբուծության ոլորտները, գյուղատնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման, տեղում համատեղ ընկերությունների միջոցով ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի արտադրության կազմակերպման հնարավորությունը: Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնել առավելագույն ջանքեր` ի նպաստ երկու պետությունների միջև ագրարային ոլորտում համագործակցության ընդլայնման: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր