23084 դիտում
20:48 27-04-2016
Շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով հայկական կողմը վիրավորներ ունի. Ազատություն
Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների հետևանքով հայկական կողմը երեք վիրավոր ունի: Նրանցից մեկի վիճակը, ըստ Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանի, գնահատվում է ծանր:
«Բեկորային վնասվածք է ստացել ազդրի ստորին երրորդականի հատվածում, կոտրվածք տեղաշարժով, կյանքին վտանգ սպառնացող վիրավորում չունենք վերջին երկու օրերի ընթացքում», - [url=http://www.azatutyun.am/content/article/27701837.html]«Ազատության»[/url] հետ զրույցում ասաց Խաչատրյանը:
Ապրիլի 1-4֊ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը 125 վիրավոր է ունեցել, վիրավորներից 5-ի կյանքը չի հաջողվել փրկել: Խաչատրյանի փոխանցմամբ՝ այսօր դեռ շարունակում է ծայրահեղ վիճակում գտնվել 3 զինծառայող, երկուսը «Էրեբունի» բժշկական կենտրոնում են, մեկը՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալում: Վիրավոր զինվորներից 87-ը ապաքինվել և վերադարձել է զինվորական ծառայության:
«Դրանք այն վիրավորներն են, որոնք որ լիարժեք ապաքինված են», - նշեց Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը:
Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո հայկական կողմից վիրավորվել է ևս 34 զինծառայող: Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի փոխանցմամբ՝ նրանցից միայն մեկի վիճակն է ծայրահեղ ծանր, վիրավորվել է գլուխը:
Խաչատրյանը վստահեցնում էր՝ Ժամանակին վիրահատություններ կատարելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել զոհերի ավելի մեծ թվից, ինչպես նաև իջեցնել հաշմանդամության տոկոսը: Հաշմանդամության դեպքերի մասով թվային հստակ տվյալներ դեռ չեն ներկայացվում, քանի դեռ զինվորները դուրս չեն գրվել հիվանդանոցներից:
«Ազատության» հարցին՝ արդյոք այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բժշկական հաստատությունների պայմանները, բժշկական սարքավորումների որակը թույլ են տալիսպատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել վիրավոր զինվորներին, Խաչատրյանը արձագանքեց․
- «Եթե վերցնենք համեմատական նախորդ պատերազմի և այսօրվա մեր ունեցած բժշկական հաստատությունների, միանշանակ շատ մեծ տարբերություն կա: Եթե մենք կարողանում ենք այսօր որակավորված, լիարժեք բուժում կազմակերպել Մարտակերտի հոսպիտալում, դա ենթադրում է, որ Մարտակերտի հոսպիտալը այնքան հագեցած է տեխնիկայով և գույքով, որ կարողացել են այդ վիրավորներին վիրահատել: Մյուս հոսպիտալներն էլ բոլորն էլ ապահովված են»:
Այդուհանդերձ, Խաչատրյանը չի բացառում, որ որոշ դեպքերում կարող են խնդիրներ առաջանալ հետվիրահատական փուլում: Այդ ժամանակ, ըստ պաշտոնյայի, զինծառայողների հետագա բուժումը պետական միջոցների հաշվին կապահովվի արտերկրում՝ «աշխարհի լավագույն կլինիկաներում»:
Ամսվա սկզբին ծավալված գործողությունները նաև որոշ թերություններ ջրի երես հանեցին: Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյան այդ մասին չեն բարձրաձայնում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հավելում է՝ միայն բանակում գիտեն ինչը պետք է փոխվի:
«Մեր մեջ ծնվել է ղեկավարման և բժշկական ապահովման նոր մոդել, որը չի նմանվի և չի լինի ո՛չ ՆԱՏՕ-ական, ո՛չ ռուսական, այլ կլինի զուտ հայկական: Մեր պետությունը փոքր պետություն է, բժշկական հիմնարկները մոտ են առաջնագծին, ամեն ինչը պետք է կազմակերպենք ելնելով մեր տարածքի բնույթից», - մանրամասնեց նա:
Աղբյուրը` [url=http://www.azatutyun.am/content/article/27701837.html]Ազատություն Ռադիոկայան[/url]
Նմանատիպ նյութեր
7319 դիտում
09:44 10-02-2017
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների աճ է գրանցվել. հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
11821 դիտում
12:13 26-01-2015
Լարված իրավիճակ՝ շփման գծում. հակառակորդն ունի 3 զոհ և 2 վիրավոր.հայկական կողմը կորուստներ չունի
Այս բաժնից
1363 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
961 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար