1188 դիտում
16:18 27-04-2016
Տարոն Մարգարյան. «Մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին»
Երևանի ավագանու ապրիլի 27-ին տեղի ունեցած նիստում նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ նախ մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը:
Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին է ներկայացրել նաև այն միջոցառումները, որ իրականացրել և իրականացնում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը Արցախի մեր հայրենակիցներին ու պաշտպանական բանակին, ինչպես նաև երևանաբնակ զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին աջակցելու ուղղությամբ.
«Անշուշտ, բոլորիս պարտքն է լինել մեր հերոսների ընտանիքների կողքին, սատարել ու աջակցել նրանց և այդ ուղղությամբ մի շարք քայլեր արդեն իսկ ձեռնարկել ենք:
Ապրիլի սկզբին Երևանի քաղաքապետարանը 100 տոննա պարենային աջակցություն է ցուցաբերել Արցախին, բացի այդ, 12 վարչական շրջաններն էլ իրենց հերթին անհրաժեշտ գույք, սնունդ, նաև շինանյութ են ուղարկել Արցախի իրենց գործընկեր քաղաքներին ու շրջաններին: Համոզված եմ՝ տեղյակ եք, որ իմ հանձնարարությամբ սոցիալական ապահովության վարչությունն արդեն ուսումնասիրում է երևանաբնակ զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների առաջնային կարիքները՝ մեր լիազորությունների շրջանակներում և հնարավորությունների սահմաններում դրանց լուծում տալու նպատակով: Նաև հանձնարարել եմ, որ անշարժ գույքի վարչությունն ուսումնասիրի առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմաններն ու քաղաքապետարանի առկա հնարավորությունների սահմանում ներկայացնի հնարավոր առաջարկներ: Ու երբ կունենանք արդեն այդ մասով հստակ տվյալներ, կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշման նախագիծ, որն էլ, համոզված եմ, բոլորիդ կողմից կարժանանա հավանության»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև տեղեկացրել է, որ համապատասխան հանձնարարական է տրվել հանրակրթության վարչությանը՝ զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնելու նպատակով ուսումնասիրել և ներկայացնել այն դպրոցների ցանկը, որտեղ սովորել են մերօրյա հերոսները՝ տեղերում վերջիններիս հիշատակը հավերժացնող անկյուններ ձևավորելու նպատակով:
Քաղաքապետը նշել է, որ քաղաքապետի տեղակալներ Վահե Նիկոյանին և Արամ Սուքիասյանին էլ հանձնարարվել է քննարկել Երևան քաղաքի 2016թ. բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման և ազատված միջոցները մարտական գործողությունների մասնակից զինծառայողների ընտանիքներին աջակցության նպատակով օգտագործելու հնարավորությունը:
«Զավակի, ամուսնու կամ հոր կորուստը ոչինչ չի կարող լրացնել, բայց մեր պարտքն է սատար կանգնել մեր զինվորների ընտանիքներին, լինել նրանց կողքին և մշտական ուշադրության կենտրոնում պահել»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետ անցնելով օրակարգի հարցերին՝ Երևանաի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոս Սիսակյանի, ինչպես նաև դասական ոճի ըմբիշ, մարզիչ Վահան Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի եզրակացությունը, հիմք ընդունելով Հայաստանի նկարիչների միության նախագահի գրությունը՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանել նկարիչների միության անդամ 52 արվեստագետների արվեստանոցների մասով:
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 25-ին:
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
14:02 29-06-2016
Տարոն Մարգարյան. «Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին»
7575 դիտում
15:01 17-02-2014
«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը սատար կանգնեց տատիկի խնամքի տակ գտնվող երիտասարդին
Այս բաժնից
4573 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
880 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին