211652_close_icon
views-count3809 դիտում article-date 11:00 27-04-2016

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումի ամփոփիչ հայտարարությունը

Գլոբալ ֆորումը, Ողջունում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Կառավարության նախաձեռնությունը՝ հյուրընկալելու Երկրորդ Գլոբալ Ֆորումը Երևանում 2016թ. ապրիլի 23-ին, Ողջունում է նաև 2015թ. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» հռչակելու մասին բանաձևի միաձայն ընդունումը, որն ընդգծում է, ի թիվս այլ հարցերի, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, Հարգանքի տուրք է մատուցում և երախտագիտություն է հայտնում բոլոր նրանց, ով հումանիտար ճգնաժամերի և ցեղասպանության օրերին հանդես եկան հանուն մարդկության և, գործելով արիությամբ և զոհողությունների գնով, փրկեցին բազմաթիվ անմեղ կյանքեր, Խորը մտահոգություն է արտահայտում վերջերս Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ կետերում լայն տարածում գտած ԻԼԻՊ-ի և մյուս ահաբեկչական կազմավորումների կողմից վայրագությունների և ցեղասպան գործողությունների առնչությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների համար և առաջացնում լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամեր՝ ներառյալ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների և տեղահանված անձանց ամենաբարձր թիվը, Գիտակցում է, որ նման ծավալի հումանիտար ճգնաժամերը պահանջում են ջանքերի համադրում և չեն կարող դիմագրավվել միայնակ՝ առանձին երկրների կողմից, և խորապես հավատում է, որ փախստականների և աննախադեպ մեծ քանակությամբ տեղահանված անձանց առնչվող մարտահրավերների լուծմանն ուղղված ջանքերը ոչ մի դեպքում չեն կարող քաղաքական շահարկումների առարկա հանդիսանալ, Կրկին բարձրաձայնում է 2015 թվականի ապրիլին կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի արդյունքում ընդունված Երևանյան հռչակագրի կոչը բոլոր պետություններին՝ հնարավորինս ներդրում ունենալ ցեղասպանության կանխարգելման մեխանիզմների ամրապնդման գործում, Կոչ է անում բոլոր երկրներին, խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և շահագրգիռ այլ կողմերին համախմբելու ջանքերը ցեղասպանության չարիքի և մարդկության հանդեպ այլ հանցագործությունների դեմ պայքարի նոր հանձնառության ոգու ներքո, Ընդգծում է մարդկության պատմության, ինչպես նաև ցեղասպանության պատճառների և հետևանքների դասավանդման կարևորությունը և անհրաժեշտությունը՝ անցյալի ոճրագործությունների համընդհանուր և օբյեկտիվ ճանաչման հասնելու ակնկալիքով, Առաջարկում է հաջորդ Գլոբալ ֆորումի շրջանակներում շեշտադրումը կատարել կրթության դերի, մեխանիզմների, միջոցների և կարողությունների վրա՝ որպես ատելությունը, անհանդուրժողականությունը և այլատյացությունը վերացնելու մեր համատեղ պարտականության մաս, և հավատացած է, որ կրթությունը և գիտելիքի փոխանակումը վճռական դերակատարություն ունեն ցեղասպանության արհավիրքի վերացման գործում, Որոշում է հաջորդ հավաքը գումարել 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում:

Նմանատիպ նյութեր