ՌԴ Սամարարա քաղաքում երիտասարդ ռեժիսոր Գուժ Թադևոսյանի «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ կինոնկարն արժանացել է հատուկ մրցանակի
Ապրիլի 13-17-ը, Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում կայացավ «Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ներկայացված էր շուրջ 20 երկրի, ավելի քան 100 ֆիլմ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից փառատոնին մասնակցում էր ռեժիսոր Գուժ Թադևոսյանն իր «Եվ կրկեսը ժամանեց…» կարճամետրաժ խաղարկային կինոնկարով:
«Կինո՝ երեխաների համար» 21-րդ միջազգային կինոփառատոնում երիտասարդ ռեժիսորի ֆիլմն արժանացել է հատուկ մրցանակի` «Լավագույն խաղարակային ֆիլմ-դեբյուտ» անվանակարգում:
«Եվ կրկեսը ժամանեց…» ֆիլմի երկու ցուցադրություններն էլ անցել են լեփ-լեցուն դահլիճներում` արժանանալով հանդիսատեսի և ժյուրիի դրվատանքին և ջերմ ընդունելությանը:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված «Եվ կրկեսը ժամանեց…» կինոնկարը հաջողությամբ մասնակցել է միջազգային հեղինակավոր կինոփառատոների՝ արժանանալով 10-ից ավելի մրցանակների: