211652_close_icon
views-count8655 դիտում article-date 08:45 26-04-2016

ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել կազանյան համաձայնագիրը, թե՞ այն մեզ համար այլևս մերժելի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, և ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, և այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տևեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաև նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից և պետք է գային խաղաղապահ ուժեր «որպեսզի այլևս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջև: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»: Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիևը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը: Այս պահին ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը, թե՞ այլևս այն մեզ համար մերժելի է, «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նույն հարցազրույցում նախագահը մանրամասը խոսում է խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին: Կարծում եմ՝ ամեն ինչ առավել քան հստակ է: Նույն հարցին անդրադարձել է ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում և Լավրովի հետ ասուլիսին: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, թե Բլումբերգին տրված հարցազրույցում նա խոսում է Կազանի փաստաթղթի մասին: Ձեզ պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»: Նկատենք, որ նշված հրապարակային բոլոր ելույթներում այդպես էլ հստակ չէ՝ այս պահին կազանյան փաստաթուղթը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր