211652_close_icon
views-count6049 դիտում article-date 19:32 25-04-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը: Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը: «Հայաստանի և Եվրամիության միջև հատկապես գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին ձևավորվել են սերտ հարաբերություններ, հաջողությամբ իրականացվում են ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք հուսով եմ, կկրեն շարունակական բնույթ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացված ծրագրերին, այդ թվում նաև` Եվրահանձնաժողովի Թայեքս և Թվինինգ գործիքներին (TAIEX, TWINNING)` նախարարն ընդգծել է, որ դրանք էապես նպաստել են Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը: Որպես երկրի ագրարային ոլորտի առաջընթացի մեկ այլ կարևոր խթանիչ` նախարարը կարևորել է «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիրը» (ENPARD), որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից գյուղատնտեսության կայուն զարգացման, արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացման նպատակով և իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից: Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության ներկա վիճակը, մատնանշել այն ոլորտները, որոնցում ակնկալվում է հաջող և արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում նախարարը նշել է մասնավորապես ջերմոցային տնտեսությունների ստեղծման, ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման կարևորությունը: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն` նախարար Կարապետյանը նշել է նաև օրգանական գյուղատնտեսությունը, որի զարգացման համար Հայաստանում ստեղծված են նպաստավոր պայմաններ: Դեսպան Պյորտր Սվիտալսկին իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված հարաբերությունները վերջին շրջանում այնքան են սերտացել և ամրապնդվել, որ կարող են օրինակելի դառնալ այլ ոլորտների համար: Պյոտր Սվիտալսկին միաժամանակ ընդգծել է, որ հայկական բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքը կարող է մրցունակ լինել Եվրոպական միության երկրներում ևս: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ոլորտին վերաբերող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր