211652_close_icon
views-count18220 դիտում article-date 10:48 23-04-2016

Այս տարվա ապրիլին ևս թուրքը փորձեց դավադիր հարվածով վնասել հայությանը, բայց հուժկու հարվածով ստիպեցինք իրենց բույնը մտնել. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգի նկատմամբ գործադրված ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ թուրքը չի գիտակցել իր մեղքը, ներողություն չի խնդրել ու չի փոխհատուցել հայ ազգին, Հայաստան պետությանը։ Այս մասին ասաված է ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ ապրիլի 24-ին ընդառաջ արված հայտարարության մեջ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա խոսքը ներկայացնում է ստորեւ. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որ նշվեց նախորդ տարի, ընդամենը նոր մի սկիզբ էր հայ ազգի, հայոց պետականության պայքարի ճանապարհին, եւ եռասերունդ Երկրապահն էլ այս պայքարի առաջամարտիկներից է եւ պայքարի աննահանջ նվիրյալ։ Ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում է ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը, 2015 թվականից արդեն՝ սրբադասված նահատակների հիշատակը: Եռասերունդ Երկրապահը ծաղկադրումներ է կատարելու նաեւ ի հիշատակ ցեղասպանության սրբադասված նահատակների Հայաստանի, Արցախի բոլոր տարածքներում, Սփյուռքի գաղթօջախներում կանգնեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին: Վերակենդանացնելով խաչքարերը` մենք հիմնավորում ենք, որ հայի հավատքը, հայի արարչաստեղծ ոգին, հայ մշակույթն անմահ են: Հայության կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը, ով գլուխ է խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև՝ հոգու խորքում պահելով պարտքի զգացումն ու հաստատակամությունը՝ անել հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: 1895-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտի և երբեք չի մոռանա յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ անկյունում էլ լինի: Այո՛, ապրիլի 24-ը հայերիս համար, ոչ այնքան սգո, որքան որ պայքարի, վրիժառության ու վերածննդի օր է: Հակառակ Օսմանյան կայսրության և թուրքական նոր իշխանությունների երկար տարիների հրեշավոր ծրագրերի, հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը, մաքառեց և 20-րդ դարն ամփոփեց պատմական հայրենիքի մի հատվածի վրա անկախ պետականության հաստատմամբ: Թուրք-ադրբեջանական հակահայ ընդհանուր ծրագրից, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ ազատագրվեց Արցախը, և որպես անկախ պետություն Մայր Հայաստանի հետ, ձերբազատվելով Ցեղասպանության բարդույթից՝ հպարտորեն քայլում է 21-րդ դարի ընթացքի հետ: Նենգաբարո թուրքը այս տարվա ապրիլին ևս փորձեց դավադիր հարվածով վնասել հայությանը, ոտնձգություն կատարեց հայկական Արցախ պետության սահմանների նկատմամբ: Հայոց բանակն ու հայ կամավորականությունը հուժկու հարված տվեցին թուրքին` ստիպելով բունը մտնել: Հազարավոր կամավորականներով եռասերունդ երկրապահն այսօր Արցախի մարտական հենակետերում է` հայոց փառապանծ բանակի հետ, հայ դիրքապահի հետ: Եվ մենք կմնանք այնքան, որքան կպահանջվի, մինչև հաղթական խաղաղության պայմանագիր պարտադրենք ռազմատենչ ոսոխին` երաշխավորելով հայկական զույգ պետությունների անվտանգությունն ու անկախությունը: Մեր պայքարը մեր ինքնության պահպանման ու մեր պատմական հայրենիքի համար շարունակվում է: Ցեղասպանության հերթական տարելիցին մեր առջև բացվում են պատմական ճշմարտության վերականգման հորիզոնները, և անմեղ զոհերի հիշատակը, թափված արյունն ու կորցված հայրենիքը մեզ միասնության ու մեր պետության շուրջ համախմբման են կոչում: Մենք շնորհակալ ենք առաջադեմ մարդկությանը սրտացավ ու արդարամիտ պահվածքի համար: Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի ելույթը, Եվրախորդարանի ընդունած բանաձևերը, երկու տասնյակից ավելի պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջադեմ մարդկության արդարացի մոտեցումն են: Մենք կարծում ենք, որ այդ մոտեցումը կշարունակվի այնքան, մինչև Թուրքիան հարկադրված կգնա համապատասխան զիջումների, փոխհատուցման, հայկական պատմական տարածքների վերադարձման: Ցեղասպանության զոհերի հիշատակն ու կորցրած հայրենիքի ցավը մեզանից պահանջում է լինել ուժեղ և հզոր: Հայոց պետականության հզորացումը միլիոնավոր զոհերի պահանջն է ու ցեղասպանության պատասխանը: Հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում ձեռք բերած հաղթանակի ու անկախացած Արցախի համար մարտնչած հայորդիների, երկրապահ կամավորականների նոր սերունդն է արդեն հպարտորեն քայլում՝ հավաստիացնելով, որ պահպանելու է ձեռքբերումները և շարունակելու է պահանջատիրական իր պայքարը: Պայքար, որի դրոշը հավատն է սեփական ուժերի հանդեպ և որի ուժը համայն հայության միասնությունն է: Միասնությամբ մենք կհասնե՛նք մեր համազգային բոլոր խնդիրների լուծմանը: Միասնությամբ մենք կպաշտպանե՛նք աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի: Ուրեմն, միասնությամբ ոգեկոչե՛նք ցեղասպանության զոհերի հիշատակն ու հզորացնենք մեր երկիրը՝ համայն հայության հայրենիքը, հանուն պատմական ճշմարտության վերականգման, հանուն Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման, արդարացի պահանջատիրության ապահովման ու մեր պատմական տարածքների փոխհատուցման»:

Նմանատիպ նյութեր