211652_close_icon
views-count3714 դիտում article-date 18:05 20-04-2016

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագրի վերաբերյալ «Իզվեստիա»-ի հրապարակումը սադրանք է. Lurer.com

«Իզվեստիա» թերթը, հղում կատարելով դիվանագիտական շրջանակներում իր անանուն աղբյուրի վրա, օրերս, ինչպես արդեն հայտնի է, հրապարակել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանն ու անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստելու են «ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններում փոխզիջումների ձեռք բերմանը, որոնք կմեկնարկեն մոտակա օրերին»: Ավելին. թերթը հայտնել է նաև, որ «Կարգավորման ռուսական ծրագիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանին վերադարձվի տարածքի մի մասը, հակամարտության գոտում մտցվեն խաղաղապահներ, վերադարձվեն փախստականները, ու օրինականացվի Ղարաբաղը (այսինքն՝ ապահովվի սահմանների բացումն ու տնտեսական կապերի վերականգնումը), իսկ հետո, երբ կրքերը հանդարտվեն, անցկացնել տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվե»: Դժվար չէ սա կարդալով միանգամից հասկանալ, որ կարգավորման նշված ծրագիրն ուղղակի հակահայկական ծրագիր է, քանի որ խոսքը ոչ միայն մեր ազատագրած տարածքների մի մասի վերադարձի, այլ փոխզիջման հարցը ոչ թե փաթեթային, այլ փուլային եղանակով և Ադրբեջանին ձեռնտու հաջորդականությամբ լուծելու մասին է: Բոլորին էլ պարզ է, որ Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձից և, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո մեր թշնամին այդ տարածքներից Արցախի նկատմամբ նորանոր սադրանքներ է իրականացնելու, առավել ևս, եթե խոսքը նաև ԼՂՀ ադրբեջանցիների վերադարձի մասին է (այդ հարցը «Իզվեստիա»-ի հրապարակումից պարզ չէ), ապա սադրանքները, բախումները, կռիվներն Արցախում անպակաս են լինելու: Այսինքն՝ կրքերը տասնամյակներով կամ հարյուրամյակներով չեն հանդարտվելու, ինչը նշանակում է, որ տարածաշրջանի պատկանելության մասին հանրաքվեն այդպես էլ չի հայտարարվելու, իսկ Ադրբեջանը ԼՂՀ-ի շուրջ ներկայիս անվտանգության գոտու թեկուզ մի մասին տիրելով ու վերացնելով այդ գոտին, Արցախի վրա հարձակվելու, Պաշտպանության բանակի դիրքերն ու Ղարաբաղի բնակավայրերը հեշտությամբ խոցելու, գրավելու ռազմավարական առավելություն է ձեռք բերելու: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայ ժողովուրդն ազատագրված տարածքների թեկուզ մի մասն Ադրբեջանին չեն հանձնելու: Եթե դա Ադրբեջանի կողմից ԼՂՀ ներկայիս կարգավիճակի ճանաչումից բացի, տարածքների փոխանակման դեպքում (Արծվաշեն, այժմ դեռ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող ԼՂՀ տարածքներ) թերևս կարելի էր պատկերացնել մինչև ապրիլի 1-ի, լույս 2-ի գիշերը Արցախի նկատմամբ մեր թշնամու իրականացրած լայնածավալ ռազմական գործողությունները, ապա այժմ արդեն բացառված է: Հանձնել այդ տարածքները, նշանակում է Ադրբեջանի չբացառված հարձակման պարագայում այլևս չունենալ ԼՂՀ ինքնապաշտպանության բուֆերային գոտի, թշնամու կողմից զորքի, ռազմական տեխնիկայի մեծ կենտրոնացմամբ գրոհի դեպքում այլևս չունենալ բավարար ժամանակ այդ ինքնապաշտպանությունը կազմակերպելու: Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա նրանց վրա հույս դնելն անհեթեթություն է, նրանք վաղը կարող են լինել, մյուս օրը չլինել, հեռանալ, եթե իրենց երկրում գործերը վատանում են կամ իրենց կարիքը լինում է իրենց իսկ երկրում: Չի հուսադրում նաև խաղաղապահների բազմազգ լինելը, քանի որ, օրինակ, ապագայում հակասությունները տարբեր պետությունների մեջ այն աստիճան կարող են խորանալ ու վերածվել բացահայտ թշնամանքի, որ այլևս հնարավոր չլինի շփման գծում համատեղ խաղաղապահ առաքելություն իրականացնելը: Կարճ ասած՝ սա մեր կողմից միանգամից ու միանգամայն մերժելի և հակահայկական ծրագիր է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե իրականում իսկապես գոյություն ունի՞ ռուսական նման ծրագիր, ՌԴ-ն հայկական կողմին այն երբևէ առաջարկե՞լ է, Հայաստանը և Արցախը պաշտոնապես նման առաջարկ ստացե՞լ է, կամ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի կամ Պուտինի կողմից նման առաջարկի մասին որևէ տեղեկություն ունի՞: «Իզվեստիա»-ի այս տեղեկությունը կարդալով, ես, ի տարբերություն իմ մի շարք գործընկերների, միանգամից հասկացա, որ գործ ունենք տվյալ թերթի խմբագրությունում տեղավորված ադրբեջանական կամ թուրքական ուժերի հերթական ու վտանգավոր սադրանքի հետ, որի նպատակն այստեղ հակառուսական տրամադրությունների խթանումն ու զարգացումն է, ինչը և դարձավ իրականություն, քանի որ որոշ ԶԼՄ-ներ ու լրագրողներ հենց նպատակային դրան ձգտեցին՝ այն դեպքում, երբ կարող էին զանգել ՀՀ արտաքին գործերի նախարարություն ու պաշտոնապես ստանալ վերոնշյալ հարցերի պատասխանը: Ինչպես և կասկած չունեի, այսօր պաշտոնապես ստացա հավաստումը նրա, որ «Իզվեստիա»-ի վերոնշյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այլ կերպ ասած՝ հաստատվեց, որ տվյալ հրապարակումն ունի սադրիչ նպատակ: «Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը դրան անդրադարձել է «Իզվեստիա»-ի հրապարակումից առաջ, կարծում եմ, նոր բան ասելու կարիք չկա,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:- Նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումներ մոտ ապագայում չեն նախատեսվում: Ինչ վերաբերում է կարգավորման, այսպես ասած, ռուսական ծրագրին, ապա «Իզվեստիան» այդ մասին գրել է՝ հղում կատարելով իր անանուն աղբյուրի վրա, իսկ անանուն աղբյուրի վրա հղմամբ տեղեկությունները մենք, սովորաբար, չենք մեկնաբանում: Այնուամենայնիվ, ծրագրի առնչությամբ ասեմ, որ ոչ միայն մենք, այլև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը, միջնորդներն են ասել, որ բանակցային սեղանին Կազանի փաստաթուղթն է»: Ընդգծենք, որ Կազանի փաստաթղթում, որքանով այդ մասին հայտնի է, խոսք չկա փոխզիջման փուլային տարբերակի մասին, առավել ևս՝ հօգուտ Ադրբեջանի: [b]Արթուր Հովհաննիսյան [/b] Աղբյուրը` [url=http://lurer.com/?p=220243&l=am]Lurer.com[/url]

Նմանատիպ նյութեր