Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է
Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում, ծառայողի ընտանիքում։
Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–1988) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա–Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս–Նուռնուս և Աղստաֆա–Իջևան–Հրազդան–Սևան–Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ։
1975 թվականի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին։
Նրա ջանքերով 1978 թվականի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980 թվականին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի–Քաջարան ավտոմայրուղին, Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը։
Դեմիրճյանը զոհվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ։


