211652_close_icon
views-count1658 դիտում article-date 17:47 17-04-2016

Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` «Հանուն հայ զինվորի անվտանգության և մեր երկրի խաղաղության»

«Հանուն հայ զինվորի անվտանգության և մեր երկրի խաղաղության» Համոզումով և հավատքով կատարված ուխտագնացության միջոցով մարդը ոչ միայն հարաբերվում է անցյալի սրբազան ժառանգության հետ, այլև դրանով իսկ կապ հաստատում ապագայի հետ, քանզի առանց անցյալի հետ կենդանի կապի, անիմաստ է ապագայի հետ շփում ստեղծելու փորձը: Այս համոզմամբ և գիտակցությամբ անցյալից ժառանգած սրբությունները չկորցնելու փափագով ու վճռականությամբ, հայ զինվորի անվտանգության, հայոց բանակի անսասանության ու վերաարթնացման, հայի ոգու անկոտրունության համար Արդվու Սբ Հովհաննես Օձնեցի Հայրապետի բարեխոսությունը խնդրելու էին եկել հարյուրավոր ուխտավորներ հանրապետության տարբեր մարզերից: Ապրիլի 17-ին` ի հիշատակ Սուրբ Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսի ննջման (1288 ամյակ), Արդվու Սբ Հովհաննես մատուռ-դամբարանում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` «Հանուն հայ զինվորի անվտանգության և մեր երկրի խաղաղության»: Ուխտավորները, իրենց հոգևոր հովիվներով` 800 և ավելի հոգի, առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանի` խաչերով, խաչվառներով, պաստառներով, լուռ աղոթք մրմնջալով գյուղամիջից խաչերթով շարժվեցին դեպի սրբավայր, ուր պատարագիչն էր Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Սրբազան Հայրն իր օրհնության խոսքն ու հորդորը ուղղեց սրբավայրի շուրջ բոլորած ուխտավորներին. «Եվ անհատները, և ազգերը անխուսափելիորեն կորստի են մատնվում, երբ նրանք խզում են իրենց կապը կենդանի Աստծո հետ: Այդպես եղել է միշտ, այդպես է և այսօր: Դատապարտված է այն ազգը, ով հաղորդ չէ Աստծուն, ով չի խոսում իր սրբերի հետ, ով կապ չի պահում անցյալից եկող ժառանգության, ազգային սրբությունների հետ: Անպտուղ է և այն հավատքը, այն եկեղեցին, որ չի երկնում սրբեր, նահատակներ` թե հանուն հավատքի և թե հանուն հայրենիքի: Այս օրերի մեր Արցախ աշխարհի հայկական զինված ուժերի քաջերը 90 և ավելի նահատակներով փաստեցին այդ ճշմարտությունը. Աստծո հետ մեր ունեցած ճշմարիտ կապը: Չնայած մեր անարդարություններին, ապերախտությանը, մեր շուրջբոլոր կատարվող կամայականություններին, ներքին խռովություններին ու անհանգստությանը, երկիրը ներսից քայքայող աղանդավորական տարբեր հոսանքներին ու քաղաքական ասպարեզում աղանդավորական մարտավարությամբ ու հոգեբանությամբ գործողներին, տզրուկի պես ժողովրդի արյունը քամողներին, մենք ունեինք մեր մեջ այն արդարներին, որոնց համար և հանուն նրանց աղոթքի ու գործի, այսօր դեռ կանք և կանգնած ենք: Երբեմն ժողովուրդներին խոր քնից հանելու համար Աստված թույլ է տալիս նրանց կանգնել դժվարությունների և փորձությունների առջև, որպեսզի արթնացնի: Սա գուցե խղճի արթնացման, սթափության և զգոնության ազդակ էր մեր հոգևոր ու պետական, մտավորական այրերին և բոլորիս: Ուստի Սբ Հովհան Օձնեցի հայրապետի բարեխոսությամբ Աստծուց խնդրենք հայ զինվորի անվտանգություն և խաղաղություն մեր երկրի համար, խնդրենք հոգևոր ու մտավոր արթնություն` ամեն տեսակի դժվարություններին դիմակայելու համար, քանզի ձայն բազմաց` ձայն Աստծո»: Հազարավոր երիտասարդներ ծունկ խոնարհեցին սրբի դամբարանին` առ Աստված աղոթքով հայցելով խաղաղություն երկրի սահմանների և ողջ ազգի համար: Այս ուխտագնացությունը Գուգարաց թեմում միակը չէ որպես համաթեմական, սակայն մյուս բոլորից առանձնանում է հատկապես իր մաշտաբայնությամբ և ոգեղենությամբ: Թեև տարվա ընթացքում սրբի դամբարան այցելող ուխտավորների հոսքը երբևէ չի դադարում, սակայն ապրիլ 17-յան ուխտագնացություններին միշտ էլ մեկ սիրտ և մեկ ոգի դարձած ուխտավորները, ինչպես իրենք են վկայում, սրբի բարեխոսությամբ հուսառատ են վերադառնում իրենց տները և լսելի են լինում իրենց աղոթքները: Սբ Հովհան Օձնեցի հայրապետը Մայր Եկեղեցու այն մեծագույն սուրբերից մեկն է, ով քայլելով պատմության դժվարին քառուղիներում` ազգային հզոր եկեղեցի ունենալու տեսլականով հսկայական ժառանգություն է թողել հայ ժողովրդի համար. որի ընտիր ավանդի կրողներն ենք մենք: Թեմի երիտասարդաց միությունների ուխտագնացության հովանավորն էր մոսկվայաբնակ բարերար Արտակ Էվոյանը: Էմմա Գրիգորյան

Նմանատիպ նյութեր