211652_close_icon
views-count4291 դիտում article-date 23:52 13-04-2016

Կայացավ «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը. անվանի բալետմայստեր Բ. Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով

Ապրիլի 11-14-ը Հայաստանում են անվանի ռուս բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափ­նեկիր, «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր Բորիս Էյֆմանը և նրա ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պե­տական ակա­դե­միական թատրոնը: Բորիս Էյֆմանն ավելի քան 40 ներկայացումների հեղինակ է, որոնցից են` «Չայկովսկի», «Աննա Կարենինա», «Ճայը», «Օնեգին», «Ռոդեն», «Ռեքվիեմ» և այլն: Թատերախումբը Հայաստանում հյուրախաղերով առաջին անգամ հանդես է եկել 2013 թվականի նոյեմբերին` «Մեղքից անդին» ներկայացումով: Բորիս Էյֆմանի հետ Հայաստան է ժամանել Լուզինյանների տոհմի ներկայացուցիչ, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին, ով հիմնադրել է «Լուզինյան» բարեգործական հիմնադրամը: Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին աջակցում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատ­րոնին, «Երաժշտա­կան օլիմպոս» նախագծին, Բորիս Էյֆմանի պարի ակադեմիային և Բորիս Էյֆմանի բալետի ակադեմիական թատրոնին, Պ. Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամին և «Ռուսական արվեստ» հրատարակչությանը: Նա Թբի­լիսում տեղադրված Սերգեյ Փարաջանովի ար­ձանի նախագծի հեղինակն է /նվի­րաբերել է քաղաքին 2005 թ./: Ս. թ. ապրիլի 12-ին և 13-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բորիս Էյֆմանի ղեկավարած Սանկտ-Պետերբուրգի բալետի պե­տական ակա­դե­միական թատրոնը հանդես է գալիս «Աննա Կարենինա» բալետային ներկայացումով: Ապրիլի 13-ին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Բորիս Էյֆմանի թատ­րոնի մասին պատմող, Տատյանա Բոբորիկինայի «Էյֆմանի թատրոնը. խոսքի այլ տարածություն» գրքի շնորհանդեսը և հանդիպում մտավորականների հետ: Միջոցառման շրջանակում կայացավ նաև պարգևատրման արարողություն: Հայ-ռուսական մշակութային կապերի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար` Սանկտ-Պետերբուրգի բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բալետմայստեր Բորիս Յակովի Էյֆմանը պարգևատրվեց ՀՀ Պատվո շքանշանով: Հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած ավանդի համար, «Լուզինյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, բարերար Կոնստանտին Լուզինյան-Ռիժինաշվիլին պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Պարգևները հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ողջունելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարարը շնորհակալություն հայտնեց Բորիս Էյֆմանին՝ երևանյան փայլուն հյուրախաղերի համար: Նախարարի խոսքով՝ անչափ մարդասեր պետք է լինել, գրական հերոսներին նման կերպ բացահայտելու և երաժշտության ու շարժման զուգորդմամբ այդչափ ներդաշնակ բալետային ներկայացում ստեղծելու համար: «Այն, ինչի հնարավոր է հասնել, Դուք հասնում եք. Էսթետիկա, ճաշակ, լույս, ռեժիսուրա, խորեոգրաֆիա, բեմադրություն, գաղափար, փիլիսոփայություն… Սա մի հրաշք է՝ իրականություն դարձած», - իր խոսքը եզրափակեց նախարարը: Նշենք, որ անվանի բալետմայստերը ապրիլի 13-ին, այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ինչպես նաև հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նմանատիպ նյութեր