211652_close_icon
views-count2857 դիտում article-date 22:22 13-04-2016

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արտգործնախարար Բասիլի հետ

Ապրիլի 13-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ պաշտոնավարման ստանձնման կապակցությամբ, հանդիպում ունեցավ Լիբանանի արտաքին գործերի նախարար Ջեբրան Բասիլի հետ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը հաջողություն մաղթեց Սամվել Մկրտչյանին իր առաքելության իրականացման ընթացքում: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և Ջեբրամ Բասիլին փոխանցեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները: Դեսպան Մկրտչյանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ժամանակ ամենայն ջանք կներդրվի երկու բարեկամ երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ: Զրուցակիցները բարձր գնահատեցին հայ համայնքի դերը և ներդրումը ինչպես Լիբանանի պետական և հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ հայ-լիբանանյան երկկողմ հարաբերություններում: Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց նախարարին ԼՂ հակամարտության շփման գոտում վերջին իրադարձությունների մասին` ներկայացնելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունները և դրանց քաղաքական ու ռազմական հետևանքները: Կարևորվեց միջազգային հանրության դիրքորոշումը հօգուտ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի արկածախնդրության դատապարտման առումներով: Լիբանանի արտգործնախարարը վստահեցրեց, որ իր երկիրը մշտապես ուշադիր է եղել Հայաստանի դիրքորոշումների առնչությամբ և հնարավորինս աջակցել դրանց, ինչը կարվի նաև այս պարագայում:

Նմանատիպ նյութեր