211652_close_icon
views-count11537 դիտում article-date 19:00 10-04-2016

Սահմանամերձ գոտու ամենահանճարեղ խարդախը (Օճառի Սմիթ)

Օճառի Սմիթը (Soapy Smith) XIX դարի ԱՄՆ-ի հյուսիսի սահմանամերձ գոտու (frontier) ամենահայտնի գանգստերներից է: Սմիթը ամերիկյան պատմության մեջ հիշատակվում է նաև որպես մեծագույն խարդախ, որի տաղանդն ու հնարամտությունը հիացրել են նույնիսկ նրա խարդախության զոհերին: Օճառի Սմիթը (իսկական անունը՝ Ջեֆերսոն Ռանդոլֆ Սմիթ) ծնվել է 1860թ-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Նյունանա քաղաքի արվարձանում: Նրա պապը մեծ հողատեր էր, իսկ հայրը՝ փաստաբան: Ընտանիքը սնանկանում է քաղաքացիական պատերազմի ժամանակ և 1876թ-ին տեղափոխվում Տեխաս: 17 տարեկանում Սմիթը հեռանում է տնից: Սկզբում նա զբաղվում է էժան կախազարդեր և կեղծված թանկարժեք իրեր վաճառելով: Այնուհետև տարվում է թղթախաղով: Պատանուն հաճախ կարելի էր տեսնել տոնավաճառներում մատնոց կամ երեք խաղաղթուղթ (three card Monte) ֆռացնելիս: [img]/ups/images/0958817001460284931831049.jpg[/img] [i]Ջեֆերսոն Սմիթը ծնողների և քրոջ հետ[/i] 1878թ. Սմիթը սկուտեղով «Երջանիկ օճառ» էր վաճառում Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքի ամենամեծ տոնավաճառի մերձակա փողոցի մարդաշատ վայրում: Սմիթը բոլորի աչքի առաջ բացում էր օճառի թուղթը, այնտեղ դնում 1, 5, 10, 20, երբեմն՝ 100 դոլարանոց թղթադրամ, կրկին փաթաթում, դնում մյուս օճառների արանքում, խառնում ու հավաքվածներին հրավիրում փորձել հաջողությունը՝ գնել երջանիկ օճառը: Մարդիկ մոտենում ու օճառ էին գնում՝ հույսով, որ կշահեն: Այդ ժամանակ նրա հանցակիցը Սմիթի օգնությամբ գնում էր երջանիկ օճառը, որից հետո շահած թղթադրամը օդում թափահարելով և փողոցում ուրախ բացականչելով հեռանում: Այդ օճառային վիճակախաղով նա մեծ քանակությամբ օճառ էր վաճառում: Այդ ժամանակ թերթերը նրան մականուն են կպցնում «Օճառի Սմիթ» (Soapy Smith), իսկ նրա հանցակիցներին՝ Օճառի ավազակախումբ: [img]/ups/images/0856120001460284949786329.jpg[/img] Սմիթը ստեղծում է կարգապահ և համախմբված ավազակախումբ և դառնում քրեական հեղինակություն Հյուսիսի սահմանամերձ գոտում: Ընդհանուր առմամբ Օճառ Սմիթը կառուցել է երեք քրեական կայսրություն: Առաջինը՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում (1886-95թթ), երկրորդը՝ Կոլորադոյի Կրիդի քաղաքում (1892թ), երրորդը՝ Ալյասկայի Սկագուեյ քաղաքում (1897-98թթ): Նա գաղտնի խաղատներն և ակումբներ էր բացում, ընկերանում էր քաղաքական գործիչների և ոստիկանների հետ: Սմիթը հայտնի էր նաև իր առատաձեռնությամբ: Նա բարեգործություններ է կատարում, նվիրատվություններ անում եկեղեցուն, օգնում սովածներին և անտուններին: Օճառ Սմիթն այնպիսի մեծ հասարակական հեղինակություն և ազդեցություն ուներ, որ նրան պարզապես չէին կարող ձերբակալվել: [img]/ups/images/0997750001460284965938424.jpg[/img] 1892-ին, երբ իշխանությունները որոշում են Դենվերից դուրս հանել ընդհատակյա խաղատները, Սմիթն ու իր ավազակախումբը Դենվերից տեղափոխվում են Կրիդի, արծաթի հանքերի հարևանությամբ: Օճառի Սմիթը ղեկավարում էր Կոլորադո նահանգի քրեական աշխարհը մինչև 1897թ., երբ նահանգի ոստիկանությունը որոշում է լայնածավալ ստուգումներ իրականացնել և փակել նահանգի բոլոր ընդհատակյա խաղատներն ու ակումբները: Այդ ժամանակ Օճառի Սմիթը փայլուն կերպով դուրս է գալիս իրավիճակից: Նա իր ավազակախմբի անդամներին հագցնում է ոստիկանի համազգեստ, որոնք ռեյդ են կազմակերպում իր կազինոներում և ակումբներում, ձերբակալում բոլորին անխտիր: Այնուհետև հաճախորդներին գումարի դիմաց ազատ են արձակում: Այդ հանճարեղ խարդախությունից հետո Օճառ Սմիթը մեկնում է Մեքսիկա, իսկ ավազակախումբը՝ Ալյասկա: [img]/ups/images/0083507001460284982634916.jpg[/img] [i]Օճառի ավազակախումբը[/i] Մեքսիկայում Օճառի Սմիթը հանդիպում է Մեքսիկայի նախագահ Պորֆիրիո Դիասին, համոզում է նրան կազմավորել արտասահմանյան լեգիոն՝ կազմված ամերիկացի նախկին զինվորականներից: Նախագահը նախնական համաձանություն է տալիս առաջարկին և խոստանում գնդապետի կոչում շնորհել: Այդ խարդախությունը գլուխ չի գալիս և Օճառի Սմիթը նույնպես մեկնում է Ալյասկա, սակայն դրանից հետո նրան անվանում էին նաև «Գնդապետ Սմիթ»: [img]/ups/images/0329418001460285048284007.jpg[/img] [i]Մեքսիկայի նախագահ Պորֆիրիո Դիաս[/i] Ալյասկան այդ տարիներին տառապում էր ոսկու տենդով, Սկագուեյ քաղաքը լիքն էր արտագնա աշխատողներով: Տեղ հասնելուն պես Սմիթն ու նրա ավազակախումբը բացում են կեղծ հեռագրատուն: Այդ տարիներին հեռագրական ծառայությունները շատ թանկ էին և խարդախները լավ օգուտ են ստանում: Նրանց մի մասը ձևացնում էին, թե հեռագրատան աշխատող են՝ հեռագրեր են ուղարկում ու ստանում, իսկ մի մասը՝ իբր հաջախորդ են և հարազատներից պատասխան հեռագրեր են ստանում: Իրականում հեռագրալարերը ձգված էին մինչև պատը և ոչ մի հեռագիր չէր ուղարկվում, իսկ դրամական փոխանցումները պարզապես գրպանվում էին: 1898 թ.-ին Սմիթը Սկագուեյում բացում է գրասենյակ, որը կոչվում էր «Ջեֆ Սմիթի գրասենյակ» (Jeff Smith's Parlor): Այդտեղ Սմիթը ընդունելություններ էր կազմակերպում, ինչպես նաև՝ գնում էր որոնողների գտած ոսկին: Այդտեղ Օճառի ավազակախմբի հավաքատեղին էր, որտեղ մեծ կազմակերպիչը ծրագրում և կազմակերպում էր իր խարդախությունները: [img]/ups/images/0394810001460285089732393.jpg[/img] Սմիթի կլանի անդամների մեծ մասը ճանաչված մարդիկ էին: Առավել հայտնի էին կեղծ քահանա Ջոն Բաուերսը, կեղծ պրոֆեսոր-երկրաբան Ուիլյամ Ջեկսոնը, Մեծ Էդ Բերնսը, Թոմ Կադին և այլն: Սմիթի խմբավորման մարդիկ փորձում էին գործել առանց արյունահեղության: Ավելին, երբ մի անգամ նրա ավազակներից մեկը փոխհրաձգության ժամանակ սպանում է ոստիկանի, նրան ձերբակալելու համար Ջեֆն ինքն է կազմակերպում կարգապահական ջոկատ, որին անդամագրվում են տեղացի 317 կամավորներ: [img]/ups/images/0674152001460285110936752.jpg[/img] 1898թ. իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ Սմիթը կամավորներ է հավաքագրում: Նա նամակ է գրում նախագահ Ուիլյամ ՄքՔինլիին, որը պաշտոնապես հավանություն է տալիս Սմիթի նախաձեռնությանը: Այդ ծառայության համար Օճառի Սմիթը ստանում է կապիտանի կոչում և նահանգապետի կողքին կամավորականների շքերթներ է ընդունում: Ունենալով սեփական բանակը նա լիովին վերահսկում է Սկագուեյը: Օճառ Սմիթը սպանվում է 38 տարեկանում, 1898թ. հուլիսի 8-ին: Այս ողբերգությանը նախորդում են հետեւյալ իրադարձությունները: [img]/ups/images/0456927001460285251558995.jpg[/img] [i]Օճառ Սմիթի գերեզմանն ու հուշաքարը[/i] Նախօրեին հուլիսի 7-ին Ջեֆ Սմիթի գրասենյակ է գալիս ոսկի որոնող Ջոն Ստյուարտը, որպեսզի վաճառի մի պարկ ոսկի՝ 2.700 դոլար արժողությամբ: Օճառի մարդիկ առաջարկում են նրան թուղթ խաղալ: Բնականաբար Ջոնը պարտվում է խաղում, բայց հրաժարվում է վճարել պարտված գումարը: Այդ ժամանակ Օճառի մարդիկ խլում են նրա մի պարկ ոսկին: Ջոնը Ստյուարտը դիմում է հասարակության աջակցությանը: Հասարակության ճնշման տակ հարկային ծառայությունը պահանջում է, որ Օճառի Սմիթը վերադարձնի Ջոն Ստյուարտի ոսկին, սակայն Սմիթը հրաժարվում է կատարել պահանջը: [img]/ups/images/0175072001460285308612172.jpg[/img] Այդ ժամանակ քաղաքացիները կանչում են նրան Սկագուեյի մերձակա նավահանգիստ՝ հրապարակավ քննարկելու հարցը: Օճառի Սմիթն ու նրա մարդիկ գալիս են հանդիպմանը: Քաղաքացիներից մեկը՝ Ֆրենկ Ռիդն անակնկալ կրակում է Սմիթի սրտին, սակայն ինքը նույնպես վիրավորվում է: [img]/ups/images/084115400146028533829277.jpg[/img] Օճառի Սմիթը մահանում է նույն պահին, իսկ Ֆրենկ Ռիդը՝ 12 օր մաքառելուց հետո: Օճառի մարդկանցից երեքը դատապարտվում են ազատազրկման: Օճառի Սմիթին նվիրված գրվել են տասնյակ գրքեր, նկարահանվել ֆիլմեր: Ալյասկայի Սկագուեյ քաղաքում ամեն տարի (1974թ. սկսած) հուլիսի 8-ին անցկացվում է «Ելիր Օճառի Սմիթ» համաքաղաքային տոնախմբությունը: Իսկ Հոլիվուդի «Կախարդական ամրոց» վայրում ամեն տարի հուլիսի 8-ին կազմակերպում է «Օճառի Սմիթ» մեծ հավաքույթ-տոնախմբություն, որի ընթացքում կազմակերպվում են ցուցադրություններ, բարեգործական մոլախաղեր, կախարդական ներկայացումներ: [img]/ups/images/0177422001460285382657263.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր