1852 դիտում
17:31 08-04-2016
Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին:
Վարչապետը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին` ԵԱՏՀ կոլեգիայի նախագահի բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նա իր փորձն ու գիտելիքները կներդնի Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման գործում: Կառավարության ղեկավարը մտահոգություն է հայտնել ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անհիմն տեղափոխելու կապակցությամբ՝ ընդգծելով ԵԱՏՄ զարգացմանն ուղղված կառուցողական քայլերի կարևորությունը:
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին ընդունելության և ԵԱՏՄ առաջնահերթությունները, զարգացման ուղիները և խնդիրները քննարկելու հնարավորության համար: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը և գնահատականները կարևոր են առաջ շարժվելու համար՝ հաշվի առնելով ընդհանուր շահերը, երկրների առանձնահատկությունները և ընդհանրությունները, ինչը կնպաստի ԵԱՏՄ երկրների տնտեսության զարգացմանը և գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ԵԱՏՀ-ն ջանքեր կգործադրի նշված ուղղություններով հաջողություններ արձանագրելու համար և կարևորել այդ գործում ՀՀ կառավարության օժանդակությունը:
ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից՝ անձնական սպառման նպատակով ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ երկրներից Հայաստան մեքենաների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկման չեղարկման մասին հարցի օպերատիվ լուծումը՝ ընդգծելով, որ այժմ հանրապետական օրենսդրությունը համապատասխանեցվել է վերազգայինին:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձի հարցին՝ հաշվի առնելով սահմանի առկայությունը: Նա նշել է, որ այս խնդիրը մշտապես բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները: Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ուսումնասիրում է հարցը, և հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը՝ այն լրացուցիչ ուշադրության կարժանանա:
Նմանատիպ նյութեր
1316 դիտում
13:45 22-09-2021
Կենտրոնական բանկի նախագահը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի հետ
1225 դիտում
13:19 12-03-2014
Վարչապետն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին