211652_close_icon

Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի կրթության ոլորտի ներկայացուցիչներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2702 դիտում article-date 16:58 08-04-2016
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ Երևան այցի շրջանակում Սանկտ Պետերբուրգի կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են մայրաքաղաքի դպրոցներ և տեղում ծանոթացել կրթական գործընթացի կազմակերպմանը: Հյուրերը եղել են նաև ներառական կրթություն իրականացնող դպրոցներում, ինչպես նաև ներկա գտնվել որպես պարտադիր առարկա ուսուցանվող շախմատի դասերի անցկացմանը, մասնակցել դպրոցականների և ուսուցիչների հետ հանդիպում-քննարկումներին: Այցի ընթացքում ներկայացվել է կրթության ոլորտում Երևանի ձեռքբերումները, կրթական համակարգում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը: Քննարկվել են նաև ժամանակակից կրթության մարտահրավերները հաղթահարելու միջոցներին վերաբերող հարցեր: Ամփոփելով այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է. «Երևանի կրթական համակարգն այսօր ունի այցեքարտեր, որոնք շատ քաղաքներում առայժմ ներդրված չեն: Խոսքը մասնավորապես ներառական կրթությանն է վերաբերում: Պետերբուրգցի մեր գործընկերների համար սա կարևոր ծանոթացում էր: Հանդիպելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, բազմամասնագիտական խմբին և ծնողներին, վստահ եմ, արդեն իսկ փորձի բավական լուրջ պաշար է ձևավորվել: Ծանոթանալով կրթության որակին՝ մեր հյուրերին ոչ պակաս հիացրել ու միաժամանակ զարմացրել է բնագիտական առարկաների դասավանդումը՝ պրակտիկ աշխատանքն ու ռոբոտաշինությունը: Անշուշտ, օրինակելի է նաև շախմատի ուսուցումը դպրոցներում: Հիմնականում հենց այս ուղղություններով մենք ունենք ասելիք: Փորձի փոխանակման և համագործակցության շարունակականությունն ապահովելու նպատակով ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: Մենք կունենանք առցանց հանդիպումներ, քննարկումներ և նոր փոխայցեր», - ընդգծել է Գայանե Սողոմոնյանը՝ հավելելով, որ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև համագործակցության շրջանակում մայրաքաղաքի մի շարք դպրոցներ ակտիվ համագործակցում են գործընկեր քաղաքների դպրոցների և կրթական այլ հաստատությունների հետ, կատարում փոխայցեր, տեսակամուրջների միջոցով իրականացնում փորձի փոխանակում: Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանն իր հերթին նկատել է, որ դեռ 2015-ին Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ Երևան կատարած այցի ընթացքում ստորագրված համագործակցության ծրագրի շրջանակում ստորագրվեցին նաև փոխգործակցության մի շարք պայմանագրեր: Այս օրերին, լինելով երևանյան կրթական հաստատություններում և ծանոթանալով կրթության կազմակերպմանը, ձեռք են բերվել առավել հստակ պայմանավորվածություններ՝ համատեղ կոնկրետ ծրագրերի իրագործման ուղղությամբ: «Մենք այստեղ էինք բավական մեծ պատվիրակությամբ և ուղղակի հիացած ենք կրթության նկատմամբ քաղաքային իշխանության ուշադրությամբ և կրթության այն որակով, որով կրթվում և դաստիարակվում է այսօրվա սերունդը: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը կընդլայնվի տարբեր ուղղություններով», - նշել է Իրինա Ասլանյանը: Սանկ Պետերբուրգի պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսների և ուսանողների հետ, պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա համագործակցության շուրջ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր