74201 դիտում
15:11 27-03-2016
Զատկի տոնին ընդառաջ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են հարկայինի օպերի նկատմամբ սպանության փորձ կատարող, Երևանում հայտնի` «Հոլանդայի էդոյին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ) աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` Աբովյան փողոցում` «Փարիզյան սուրճ» սրճարանից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 42-ամյա «Հոլանդայի Էդո» մականվամբ Էդուարդ Ազատի Թորոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2013 թ.-ի նոյեմբերից Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի կողմից հետախուզվում էր` ՀՀ քր. օր.-ի 34.104 հոդվածի երկրորդ մասի 7-րդ կետի, այն է՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանության փորձ և 258-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով և որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ» հատկանիշներով:
«Հոլանդայի Էդո» մականվամբ սպանության փորձի կասկածյալը 2013-ի նոյեմբերին Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի վրա գործող Պարմա առևտրի կենտրոնում ակնհայտ լկտի ու խուլիգանական դրդումներով խանութի ներսում դաժան ծեծի էր ենթարկել հարկային ծառայության օպերլիազոր 37-ամյա Արմեն Փիլոյանին, որից հետո դիմել էր փախուստի: Նրա կատարած լկտի ու անմարդկային դաժանությամբ զուգորդված արարքը տեսաձայնագրվել էր խանութում տեղադրված տեսախցիկներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, քանի որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դեռ 2013 թ.-ին բավարարել էր քննիչի միջնորդությունը և Է.Թորոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և որոշում էր կայացվել նրա նկատմամբ կիրառել որպես խափանման միջոց` կալանքը:
«Հոլանդայի Էդո» մականվամբ հետախուզվողի մոտ չէր բացառվում, որ լիներ հրազեն ու եթե 6-րդ գլխավոր վարչութոյան աշխատակիցները չգործեին պրոֆեսիոնալ, ճիշտ և օպերատիվ, ապա հնարավոր էր` նա կամ դիմեր փախուստի, կամ էլ գործի դներ հրազենը, սակայն զննությամբ վնասազերծման պահին նրա մոտ հրազեն չի եղել:
Մինչ հանրապետությունում նշվում է Քրիստոսի հրաշափառ հայտնությունը` ժողովրդին հայտնի` Զատկի տոնը` ոստիկանությունը հայտնաբերեց ու վնասազերծեց առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող կասկածյալին, մինչդեռ ժամանակին համացանցում կարծիքներ էին հայտնում , որ ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվողին չի բռնի, քանի որ ինքը քաղաքում հայտնի «Հոլանդայի Էդոն» է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+