211652_close_icon
views-count3395 դիտում article-date 16:32 24-03-2016

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան հարաբերություններին, նշել է, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել, և պատահական չէ, որ Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերություններն արագ վերաճեցին բարեկամական միջպետական հարաբերությունների: Հայաստանը և Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները բացեցին միմյանց մայրաքաղաքներում և սկսեցին խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն: Ըստ Նախագահի, այդ հարաբերություններն ամրապնդվեցին երեք տասնյակից ավելի համաձայնագրերով: «Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատկություններ, ունեն լոկոմոտիվներ, և Արգենտինայի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է այդ երկրում գործող կենսունակ համայնքի առկայությամբ: Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ և ակտիվ գործունեության շնորհիվ մեր առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում: Թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Անշուշտ, շատ կարևոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որն իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը՝ մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան: Շատ կարևոր է գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում: Այստեղ խոսքը գնում է նաև այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստան նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս, և այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար: Կարծում եմ, որ այս ընկերությունները կարող են նաև խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար: Ոչ միայն արտերկրից ժամանած զբոսաշրջիկների, այլ նաև ներքին զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, գեղեցիկ այգիներն այցելության հետաքրքիր վայրեր են: Մյուս հաջող օրինակը «Կոնվերս բանկի» գործունեությունն է, որը մեր ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում և սրանով նաև խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում: Շատ խոստումնալից կարող է լինել «Տանգո» ընկերության մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության և հյուրանոցաշինության ոլորտում: Վստահ եմ, որ այս ընկերությունն էլ հաջողություններ է գրանցելու: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի մենք արգենտինահայ գործարարների և, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ և հանգրավանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել: Հայտնի է, որ մոտ ժամանակներս հանդիպում եմ ունենալու Արգենտինայի Նախագահի հետ, և այս առումով կցանկանայի լսել առաջարկություններ, թե ի՞նչ թեմաների շուրջ կառուցենք մեր զրույցը, ինչո՞վ կարող է Արգենտինայի Նախագահն օժանդակել մեր միջպետական հարաբերություններին: Պարոն դեսպան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք համատեղության կարգով դեսպան եք Չիլիում և Ուրուգվայում, և այդ երկրների հետ էլ մենք ունենք յուրահատուկ հարաբերություններ, կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք է կատարվում դեպի Հայաստան ներդրումներ ապահովելու գործում»,-խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է համագործակցության այն հեռանկարային և փոխշահավետ ոլորտները, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պարագայում, լիարժեքորեն կօգտագործվի հայ-արգենտինյան հարաբերությունների առկա ներուժը՝ ավելի մեծացնելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները: «Կարծում եմ, որ առաջիկայում հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր դեր կարող են ունենալ Արգենտինայի նորընտիր Նախագահի հետ Հայաստանի Նախագահի արդեն ձևավորված լավ հարաբերությունները, որոնց հիմքը դրվեց Արգենտինա Ձեր այցի ժամանակ, պարոն Նախագահ: Տեղի ունեցած բավականին ջերմ զրույցի ընթացքում Դուք նրան առաջարկեցիք ընտրվելուց հետո այցելել Հայաստան, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում մենք այդ այցելությունը կկարողանանք կազմակերպել, որը կարող է զգալիորեն ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, որովհետև պարոն Մաուրիսիո Մակրին նախընտրական շրջանում ինքն ասաց, թե ուզում է Հայաստան այցելել և ոչ միայն բարեկամ ժողովրդի մոտ, այլ որպեսզի դրանից հետո շատ նոր դրական փոփոխություններ կատարվեն: Դրանք դեռևս մինչ ընտրությունը՝ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ նրա խոսքերն են: Պարոն Նախագահ, Դուք նշեցիք այն ուղղությունները, որոնք համագործակցության շատ լավ ասպարեզ կարող են լինել»,-ասել է Արգենտինայում ՀՀ դեսպանը և զեկուցել Արգենտինայի, Չիլիի և Ուրուգվայի ղեկավարության հետ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են նաև միջխորհրդարանական և միջկառավարական ձևաչափերով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

Նմանատիպ նյութեր