211652_close_icon
views-count1377 դիտում article-date 18:50 20-03-2016

Բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը

Չարորակ նորագոյացությունների դեղորայքային բուժումը` քիմիաթերապիան է, որի նպատակն է ցիտոստատիկ դեղերի շնորհիվ կասեցնել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Արդի մոտեցումներից խիստ կարևորվում է նաև թարգետ-թիրախային թերապիան, որի նպատակն է մոլեկուլյար գենետիկ մակարդակով սինթեզված դեղերի միջոցով ոչնչացնել հատուկ թիրախ բջիջները, որոնք համարվում են քաղցկեղի որոշ տեսակների առաջացման «մեղավորներ»: Քաղցկեղը բուժվում է միայն համալիր մոտեցման դեպքում, որն իր մեջ ներառում է վիրահատություն, քիմիաթարգետ և ճառագայթային թերապիա: Նոր դեղերի մուտքը դեպի բուժման ուղեցույց անցնում է բազմաթիվ կլինիկական փորձարկումների և հարյուրավոր հետազոտությունների թեստավորման փուլեր: Սոցիալական ցանցերում և որոշ էլեկտրոնային լրատվական միջոցներում տեղ գտած անհիմն մեկնաբանությունների կապակցությամբ` ցանկանում ենք հասարակության ուշադրությունը սևեռել այն փաստին, որ եթե քաղցկեղի բուժումը լիներ այդքան դյուրին, ապա հազարավոր մարդիկ, նույնիսկ զարգացած երկրներում, չէին տառապի այս հիվանդությամբ: Պարբերաբար բժշկական կրթություն չունեցող անձինք` «քաղցկեղ բուժողները» աշխարհի տարբեր անկյուններում նոր «հայտնագործություններ» են անում սիսեռաբուժության, բոլիգոլովաբուժության, նավթաբուժության, աֆրիկական էկզոտիկ մրգերով բուժման, այժմ էլ սոդայաբուժության տեսքով: Նման գիտականորեն չհիմնավորված մեթոդների կիրառման մասին լուրերը, որպես կանոն, ունեն կարճատև կյանք: Դրանք բացարձակ չեն ապահովում քաղցկեղի բուժման արդյունավետությունը, այլ հանգեցնում են հիվանդության բարդացման և ուշ փուլերում դիմելիության: Հիվանդի կյանքի տևողության երկարացման համար թանկագին այդ ժամանակի կորուստը, ցավոք, ուշացնում և հաճախ արդեն անհնարին է դարձնում հիվանդների իրական բուժումը բարձիթողության պատճառով: ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում բնակչությանը հետևել առողջությանը և կանխարգելիչ զննության նպատակով ձևավորել տարեկան գոնե մեկ անգամ բժշկին այցելելու մշակույթ, իսկ քաղցկեղով հիվանդներին` դիմել ուռուցքաբանին ժամանակին, հնարավորինս վաղ փուլերում: Կարևոր է իմանալ, որ բուժման արդյունավետությունը ուղիղ համեմատական է վաղ դիմելիությանը:

Նմանատիպ նյութեր