Կայացել է ընդլայնված քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում՝ Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինական ծրագրերին միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցության և ԵՄ Արևելյան գործընկերության աջակցության նոր շրջանակների հնարավորությունների վերաբերյալ։
Հանդիպում-քննարկմանը ներկա էին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի տարածաշրջանային ծրագրերի Արևելքի բաժնի ղեկավար Վասսիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության հետ համագործակցության բաժնի ղեկավար Խոա-Բին Աջեմիան, Եվրասիական զարգացման բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ: Տեսակապի միջոցով Լյուքսեմբուրգի քննարկմանը մասնակցում էին նաև Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները:
Հանրապետության ամենամեծ ճանապարհաշինական ծրագրի՝ Հյուսիս-հարավի 5 տրանշներին ու այնտեղ կատարվող շինարարական աշխատանքների ընթացքին ներկաներին ծանոթացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը: Նա մեկ անգամ ևս ընդգծեց կառուցվող արագընթաց մայրուղու կարևորությունն ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի համար: Ճանապարհային այդ հսկան Իրանը Վրաստանին կապող միակ ցամաքային ուղին է, ինչն արդեն իսկ կարևոր հանգամանք է վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում:
Այդ ճանապարհահատվածը մեկն է Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների հետ կապող տարանցիկ մայրուղիներից, որոնք կվերակառուցվեն առաջիկա տարիներին:
Կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զգալի մասն իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով՝ 2011 թվականին ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման» հայեցակարգ: Ըստ այդմ՝ բանակցություններ են նախատեսվում միջազգային ֆինանսական մի շարք կազմակերպությունների հետ, միջպետական և հանրապետական նշանակության ևս երեք ճանապարհներ հիմնանորոգելու համար:
Հանդիպման ավարտին մասնակիցները մտքեր փոխանակեցին ներկայացված ծրագրերի շուրջ, եղան մի շարք առաջարկներ, այդ թվում ճանապարհային անվտանգության ապահովման վերաբերյալ:


