ԱՄՆ Ջորջիա նահանգի ներկայացուցիչների պալատը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց ներկայացուցիչներ Փեթ Գարդների ու Դեմետրիուս Դուգլասի ներկայացրած բանաձևը (HR1580), որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բանաձևը կոչ է անում «միջազգային հանրությանը ըստ արժանվույն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»:
Փաստաթուղթը գովաբանում է Արցախի՝ ինքնորոշման համար մղված շարունակական պայքարը՝ որպես «բազմաթիվ ազգերի ոգեշնչման ողբյուր», որը դարձել է «նախկին Խորհրդային Միության փլուզման կատալիզատորներից մեկը»: Փաստաթղթում միաժամանակ շեշտվում է, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերել է «տոկունություն և անսասանություն պատերազմի, կոտորածների, տնտեսական փլուզման և այլ ծանր դժվարություններին առերեսվելիս»:
Բանաձևը նաև հղում է կատարում միջազգային դիտորդների՝ 2015թ. մայիսի 3-ի Արցախում կայացած ընտրությունները «ազատ և թափանցիկ» որակող գնահատականին:
Այսպիսով, ԱՄՆ Ջորջիա նահանգը համալրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) անկախությունը ճանաչող և աջակցող Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Լուիզիանա, Մեյն և Կալիֆորնիա նահանգների շարքը: