2329 դիտում
20:45 01-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ, որտեղ մասնակցել է ընթացիկ տարվա գյուղատնտեսական ծրագրերի քննարկմանը նվիրված խորհրդակցությանը:
Խորհրդակցությանը ներկա էին մարզպետ Հովիկ Աբովյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, ՀՀ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, համայնքապետեր, ոլորտի այլ ներկայացուցիչներ և ֆերմերներ:
Ներկայացնելով մարզում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը` նախարարը գոհունակությամբ նշել է, որ սկսած 2011 թվականից, երբ հանրապետությունում մեկնարկել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագիրը, հատկապես անասնապահության ոլորտում մարզում գրանցվել է զգալի առաջընթաց:
Նախարարի խոսքով` հատկանշական է սահմանամերձ Տավուշում նախորդ տարի գյուղատնտեսության բոլոր ճյուղերում արձանագրված առաջընթացը, մասնավորապես 2015 թվականին մարզում շուրջ 1000 հեկտար լրացուցիչ ցանքս է կատարվել, և շուրջ 750 հեկտարով ավել աշնանացան:
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի առաջին փուլում Տավուշի մարզից նախատեսված 10 համայնքի փոխարեն ընդգրկվել է 13-ը, որտեղ բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել (կառուցվել են 7,5 կիլոմետր ջրագծեր, 29 խմոցներ են տեղադրվել, համայնքներում ստեղծված կոոպերատիվներին տրամադրվել է 71 միավոր գյուղտեխնիկա): Սերգո Կարապետյանը շեշտել է, որ երկրորդ ծրագրի հիմնական նպատակը լինելու է արժեշղթաների զարգացումը, փոքր արտադրամասերի հիմնումը, վերամշակման արտադրամասերի ու սառնարանային փոքր տնտեսությունների ստեղծումը, ինչպես նաև չորանոցների կառուցումը:
«CARMAC 2 ծրագրում Տավուշի մարզից ընդգրկվել է 12 համայնք: Համոզված եմ, որ այս ծրագրով մեզ կհաջողվի մեծացնել մարզում անասնապահության ոլորտի արտադրության ծավալներն և ավելացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները: Կշարունակվեն պարարտանյութերի, դիզելային վառելանյութի և սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրերը: Առաջիկայում կսկսվի նաև սուբսիդավորվող գյուղվարկերի տրամադրումը. դրանք գյուղացիական տնտեսություններին այս տարի մոտ մեկ ամիս շուտ կտրամադրվեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական տարին ավելի վաղ է սկսվել: Մեր առաջնահերթ խնդիրն է մնում կոոպերատիվների շարժման խթանումը», - նշել է նախարարը: Միաժամանակ նա հավելել է, որ ներկայումս առաջնային խնդիրներից է գյուղմթերքի իրացման խնդիրների լուծումը և շուկաների հասանելիությունը:
Սերգո Կարապետյանը տեղեկացրել է, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում մարզի պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է. համայնքներին հատկացվել են 420 տոննա ազոտական և 5-ական տոննա ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր, ինչպես նաև 400 հազար լիտր դիզելային վառելիք: Բացի այդ, նախարարի տեղեկացմամբ, 2015 թ. Տավուշի մարզի անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկից անվճար տրամադրվել է շուրջ 23,5 հազար մ3 վառելափայտ:
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
17:55 27-01-2015
Մեկնարկել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները. Սերգո Կարապետյանն այսօր Արարատի մարզում էր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»