Կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերն անթույլատրելի են
                        Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի բնապահպանության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների պատասխանատուների հետ, որի շրջանակում ներկայացվել է վարչության 2015 թվականին կատարած աշխատանքների 
հաշվետվությունը: Դրական գնահատելով վարչության և կանաչապատման ձեռնարկությունների 2015թ. աշխատանքները` 
քաղաքապետը ոլորտի հետ կապված մի շարք դիտարկումներ է կատարել:
«Քաղաքացիները միշտ բողոքում են, որ կանաչ տարածքները քիչ են Երևանում, և, իհարկե, արդարացի են: Մեր հասարակության և մեր բոլորի ցանկությունն է կանաչ տարածքների ավելացումը: Մենք տեսնում ենք, որ մեր քաղաքացիներն ակտիվորեն օգտվում են այն նոր, բարեկարգ այգիներից, որոնք այս տարիների ընթացքում ստեղծվել են: Եվ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը պետք է բազմապատկել, անհրաժեշտ է նախաձեռնել ու իրականացնել կանաչ տարածքների, այգիների ստեղծման նոր ծրագրեր: Դրա կարիքն, իրո՛ք, կա մայրաքաղաքում», - նշել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև նկատել է, որ բնապահպանության ոլորտում իրականացվող ցանկացած ծրագրի, յուրաքանչյուր 
գործողության վերաբերյալ հանրությանը պետք է նախապես իրազեկել: Ընդ որում, իրազեկումը պետք է լինի մասնագիտական սպառիչ հիմնավորումներով: 
«Վերջին տարիներին հսկայական աշխատանք ենք կատարել կանաչ տարածքների ավելացման, ոռոգման ցանցի ընդլայնման ուղղությամբ: Իսկ արդյո՞ք հանրությունը լիարժեք տեղեկացված է այդ մասին, ինչու՞ պարբերաբար զանգվածային լրատվամիջոցներով չեք ներկայացնում արվածը, տարբեր մասնագետների չեք ներառում իրազեկման գործընթացում: Փոխարենն անընդհատ արդարացողի դերում եք, այնինչ եթե ժամանակին մասնագիտորեն ներկայացնեք և 
հիմնավորեք, օրինակ, հենց ծառերի էտման անհրաժեշտության և բնապահպանական այս կամ այն աշխատանքների մասին, 
ավելորդ աղմուկ, համոզված եմ, չի լինի: Սպասում եք, թե երբ են քննադատելու, որ սկսեք արդարանալ: 
Փոխե՛ք ձեր աշխատաոճը, ներկայացրեք բոլոր այն ծրագրերը, որ իրականացվում են մեր կողմից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում քաղաքապետը մեկ անգամ ևս անդրադարձել է ապօրինի ծառահատումների արատավոր 
երևույթին.
«Ոմանց համար կարծես այնքան էլ պարզ ու հստակ չէ, որ ապօրինի ծառահատումն անթույլատրելի և դատապարտելի է: 
Ընդհանրապես ավելի հաճախակի անդրադարձեք նման երևույթների անթույլատրելիությանն ու ամեն անգամ հիշեցրեք այն 
պատասխանատվության մասին, որ կկրի ծառն ապօրինի հատողը: Այս հարցում որևէ արդարացում չի կարող լինել: Որևէ 
արդարացում չունի նաև կանաչ տարածքներում քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Նման երևույթների դեմ 
պայքարում ձեզանից ակնկալում եմ կոշտ և հետևողական մոտեցում: Ինչ վերաբերում է արդեն հատված ծառերին, ապա 
քայլեր ձեռնարկեք նույն տեղերում նոր ծառեր տնկելու ուղղությամբ»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև շարունակել համագործակցությունը շահագրգիռ կողմերի և հասարակական կազմակերպությունների հետ՝ պարբերաբար բնակչությանն իրազեկելով քաղաքապետարանի կողմից 
ձեռնարկվող կանաչապատման և բնապահպանական մյուս ծրագրի մասին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

