211652_close_icon
views-count918 դիտում article-date 17:36 01-03-2016

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիին

Մարտի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա ‪‎Մոգերինիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա նրա առաջին այցն է Հայաստան, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման վրա: Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Ֆեդերիկա ‪‎Մոգերինին ասաց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի ամուր գործընկերության հաստատումը շահեկան է ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև ողջ տարածաշրջանի համար: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ արվեց Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի, հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ընթացքին: Արտգործնախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կողմերն անդրադարձան համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին՝ քաղաքական երկխոսությանը, շարժունակությանը, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցությանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը շնորհակալ է Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, ինչը նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ԱԳՆ դիվանագիտական դպրոցին հիմնադրումից ի վեր ցուցաբերվող կարևոր աջակցության համար։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակի, ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորության շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց միգրացիոն ճգնաժամին և փախստականների հոսքերին։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանում ապաստանել են Սիրիայից ժամանած շուրջ քսան հազար փախստականներ. այդպիսով, մեր երկիրը հանդիսանում է բնակչության թվի հարաբերակցությամբ՝ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը արժևորում է այս հարցում ԵՄ կողմից Հայաստանին հնարավոր օժանդակության ցուցաբերումը։ Բանակցությունների օրակարգում էր Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածության իրականացումը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կողմերը համակարծիք էին, որ իրավիճակի սրմանը նպաստող ապակառուցողական քայլերը, ռազմատենչ հռետորաբանությունը վնասակար են և նպաստում են ստատուս քվոյի երկարաձգմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է հետևողական ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր