211652_close_icon
views-count1367 դիտում article-date 11:52 26-02-2016

Ավարտվել է օբյեկտիվ քննության նպատակով ՀՔԾ ուղարկված ծանր հանցագործության գործի նախաքննությունը

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված` օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի վարույթին հանձնված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ քաղաքացի Վահան Այվազյանը դիտավորությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի և վերջինիս ընկերոջ՝ Էդգար Սարգսյանի առողջությանը պատճառել է համապատասխանաբար` ծանր և միջին ծանրության վնաս: Հիշյալ քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի շրջակայքում, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն շենքի բնակիչ Սուրեն Մանուկյանի, նրա ընկերոջ` Էդգար Սարգսյանի և Սուրեն Մանուկյանի հարևաններ` Արթուր Այվազյանի, նրա որդու` Վահան Այվազյանի միջև, որից հետո Այվազյանները հեռացել են, սակայն կարճ ժամանակ անց Վահան Այվազյանը վերադարձել է, Սուրեն Մանուկյանին և Էդգար Սարգսյանին առաջարկել է շարունակել զրույցը, որը կրկին վերածվել է վիճաբանության ու կռվի, որի ընթացքում Վահան Այվազյանն իր մոտ գտնված ծակող-կտրող առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Սուրեն Մանուկյանին և Էդգար Սարգսյանին` առաջինի առողջությանը պատճառելով ծանր, իսկ երկրորդի առողջությանը` միջին ծանրության վնաս: Մարմնական վնասվածքներ ստանալուց հետո Սուրեն Մանուկյանը և Էդգար Սարգսյանը դիմել են «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատությունների, իսկ Վահան Այվազյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, շուրջ երեք ամիս գտնվել հետախուզման մեջ և թաքնվել քննությունից, որից հետո 2015թ. հոկտեմբերի 27-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրանակացնող մարմին: Դիտավորությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի և Էդգար Սարգսյանի առողջությանը համապատասխանաբար` ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու հանցավոր արարքների համար Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով, և վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր