211652_close_icon
views-count1091 դիտում article-date 15:46 22-02-2016

Մայրաքաղաքի դպրոցականները շնորհավորել են մայրենիի օրը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ Հովհաննես Իսակովի անվան թիվ 132 դպրոցում անցկացվել է Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված «Ձոն մայրենիին» խորագրով միջոցառում, որով, ըստ էության, նաև ամփոփվել է «Մայրենին սրբորեն պահպանող մայրերի» ամենամյա մրցույթը: Միջոցառմանը մասնակցել են հանրակրթական մի շարք դպրոցների, ինչպես նաև «Վարդանանք» և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրների աշակերտներ ու մանկավարժներ: Ցերեկույթին ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Միջոցառմանը ներկայացվել են հայ մեծանուն գրողների ստեղծագործություններ, երաժշտական կատարումներ: Փոքրիկ բեմադրությամբ աշակերտները ներկայացրել են նաև իրենց դերասանական հմտությունները: Երաժշտական համարով են հանդես եկել նաև թիվ 35 մանկապարտեզի սաները: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է աշակերտներին և կարևորել մայրենիի պահպանմանն ուղղված միջոցառումները: «Մայրենիի պահպանումը յուրաքանչյուրիս պարտավորությունն է, ուստի ամենքս մեր հերթին պետք է անենք հնարավորը, որպեսզի դարերով մեզ ժառանգություն հասած մայրենին փոխանցենք սերունդներին: Դրանում իր կարևոր դերն ունի նաև ընթերցանությունը: Եվ ուրախությամբ պետք է նշեմ, որ ընթերցողների թիվը, հատկապես դպրոցականների շրջանում, տարեցտարի աճում է, ինչի մասին փաստում են նաև գրադարանների այցելուների տվյալները»,- ընդգծել է Արամ Սուքիասյանը: Ավանդույթի համաձայն փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, աշակերտներն այցելել են Օշական և ծաղիկներ խոնարհել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին: Այնուհետ աշակերտները մասնակցել են օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Օշականում անցկացվող միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր