Հույս ունեմ` Ձեզ համար սպառնալիք չեմ, ինչպես Մարգարի համար. Ն. Զոհրաբյանը` Հ. Նաղդալյանին
Տարածքային և արտակարգ իրավիճակների ոլորտները, իսկ ավելի կոնկրետ` նախարարությունը տարանջատելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, նախ, նայելով նիստը նախագահող Հերմինե Նաղդալյանի ուղղությամբ, նկատեց. «Հույս ունեմ` Ձեր համար սպառնալիք չեմ, ինչպես Մարգարի համար»:
Հիշեցնենք, որ Ն. Զոհրաբյանը ԵԽԽվ-ում Ուոլթերի զեկույցի քվեարկությունից հետո, ինչպես ինքն էր հետագայում պարզաբանել, ազատ ոճի մի քանի դիտարկում էր հայտնել ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Մարգար Եսայանին` վերջինիս քվեարկության կապակցությամբ, իսկ այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում էլ նշել էր, որ Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազներում իրենից չի կարող ակնկալել ներողություն:
Ապա անցնելով բուն թեմային` Ն. Զոհրաբյանը հայատարարեց, որ ԲՀԿ-ն դեմ է քաղաքական գործարքներին մասնակցելուն: Նա իր՝ դահլիճում ներկա «սակավաթիվ» գործընկերների համար ընթերցեց մոտ մեկ տարվա վաղեմության այն նախագիծը, որով հիմնավորվել էր, թե ինչու է անհրաժեշտ միացնել արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման ոլորտները: Այսինքն` լրիվ հակառակը նրա, որ այսօր ԱԺ դահլիճում ներկայացվում է՝ որպես դրանք տարանջատելու հիմնավորում:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ չէր ցանկանա, որ նախագիծը ներկայացներ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, բայց հասկանում է, թե ինչու է հատկապես նա ներկայացնում, քանի որ «նման պրոֆեսիոնալ կերպով հիմնավորել անհիմնավորելին, կառավարությունում կարող էր միայն տիկին Հովհաննիսյանը»: