211652_close_icon
views-count1847 դիտում article-date 10:57 19-02-2016

Արդյո՞ք երիտասարդներն ավելի առողջ արժեհամակարգ են կրելու, քան հին գվարդիան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոսպիտալացված Գալուստ Սահակյանին Հովիկ Աբրահամյանի այցը ներկայիս ներքաղաքական զարգացումների համայնապատկերում բավական խորհրդանշական է: Իհարկե, որևէ կասկած չկա, որ Աբրահամյանը Սահակյանին է այցելել բացառապես մարդկային, ընկերական, կուսակցական մղումներով, սակայն երկու «հին գվարդիականների» այս հանդիպումը բավական խորհրդանշական է Հայաստանում սկիզբ առած այն խոսակցությունների և գնահատականների ֆոնին, որ Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ի ելույթով, ըստ էության, ազդարարեց իշխանական համակարգում լայն սերնդափոխություն սկսելու մտադրության մասին: ՀՀԿ-ականների կամ իշխանության «հին սերունդը», իհարկե, այս իմաստով ունի «առողջական» խնդիրներ, և ահա այս առումով է, որ հոսպիտալային այդ հանդիպումը դառնում է բավական խորհրդանշական: Եթե հին գվարդիան ունի քաղաքական և տնտեսական առողջական խնդիրներ, ապա դա թերևս ողջունելի է պետության առողջության տեսանկյունից: Սակայն այստեղ առկա է երկու հանգամանք: Նախ՝ արդյո՞ք իսկապես խոսք կա սերնդափոխության, «էլիտայի» փոփոխության մասին: Եվ երկրորդ՝ եթե անգամ այդ մասին կարող է խոսք լինել, և Սերժ Սարգսյանն իսկապես սկսել է նման գործընթաց, արդյո՞ք այդ գործընթացն ինքն առողջ է, այսինքն՝ արդյո՞ք եկող երիտասարդները լինելու են քաղաքական և տնտեսական առումով, աշխարհայացքի և արժեհամակարգի առումով ավելի առողջ, քան հին գվարդիան: Այս հարցերը չունեն միարժեք պատասխան: Նախ ինքնին Հայաստանում «էլիտայի» փոփոխության մասին գնահատականների իրատեսականությունը ակնհայտ չէ: Վերջին հաշվով, «էլիտա» հասկացությունն ինքնին անշունչ չէ: «Էիտան» առարկա չէ, որ փոխարինես մյուսով, կամ որը վերցնես և մի տեղից դնես մեկ այլ տեղ: «Էլիտան» կենդանի օրգանիզմ է, որն ունի ֆունկցիոնալության իր կանոնները, և որը էապես տարբերվում է մոնարխիայի կանոններից: Հետևաբար՝ այստեղ չեն կարող լինել միանձնյա որոշումներ, և Սերժ Սարգսյանը չի կարող իր ցանկությամբ «էլիտա» կամ «սերունդ» փոխել: Ավելին՝ նոր սերնդի «էլիտիստները», որ հայտնվում են իշխանական այս կամ այն կետում, աչքի են ընկնում՝ նույնիսկ առավել հավակնոտությամբ ոչ թե պետական, այլ անձնական խնդիրները լուծելու հարցում: Երիտասարդությանը լավ իմաստով բնորոշ հանդգնությունը, համարձակությունը, անկաշկանդությունը նրանք վատ իմաստով օգտագործում են քծնելու և կարիերա անելու համար՝ տեղավորվելով համակարգային գործող կանոնների մեջ և նույնիսկ թաքնվելով հին գվարդիայի հետևում, փորձելով խաղալ նրանց համեմատ գոնե ինտելեկտուալ առավելության վրա: Բայց այդ խաղը տապալվել է վաղուց: Եվ այդ տեսանկյունից, Հայաստանի ներկայիս «էլիտայի» սերնդափոխությունը, ցավոք սրտի, իր որակական կողմով չունի որևէ սկզբունքային տարբերություն և առավելություն: Ամբողջ հարցն այն է, որ հին գվարդիայի կռիվը ոչ թե իր նոր սերնդի հետ է, այլ ինքն իր հետ՝ նոր սերնդի համար: Բանն այն է, որ իշխանությունը կորցրել է միատարրությունը, հետևաբար՝ հին գվարդիայի տարբեր խմբեր ունեն նոր տարբեր սերնդի, այսինքն՝ տարբեր «դեղամիջոցի» կարիք»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր