Արսեն Բաբայանը հերքում է Գալուստ Սահակյանի առողջական վիճակի մասին տարաբնույթ տեղեկությունները
ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակին, այն գնահատել բավարար և հերքել «տարաբնույթ մեկնաբանությունները»:
Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում ավարտվել է Ազգային ժողովի նախագահի բժշկական հետազոտությունը և Գալուստ Սահակյանի վիճակը բավարար է, ինքնազգացողությունը՝ լավ։
Ներկայումս ՀՀ ԱԺ նախագահը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անձի բժշկական ախտորոշումը համարվում է անձնական տեղեկություն, որը ենթակա չէ հրապարակման, միաժամանակ տարաբնույթ և իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով հայտնվում է, որ Գալուստ Սահակյանի մոտ նկատվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի