211652_close_icon
views-count695 դիտում article-date 18:35 09-02-2016

Կայացել է Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ փոխայցելությունները, միջազգային համաժողովների շրջանակներում հանդիպումները ավանդական են դարձել, ինչը թույլ է տալիս քննարկել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և նախանշել նոր ծրագրեր։ Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Շվեդիայի արտգործնախարարն ասաց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ եվրոպական և բազմակողմ ձևաչափերով։ Տիկին Վալստրյոմը նշեց, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումների ակտիվացումը մեծ հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար: Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ արվեց առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը: Շեշտվեց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացման համար առկա ներուժը: Քննարկվեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացման հետ կապված հարցեր: Կարևորվեց մարդկային շփումների խթանումը: Անդրադարձ արվեց Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններին: Մարգոտ Վալստրյոմը նշեց, որ Շվեդիան սատարում է Հայաստանի հետ հավակնոտ համաձայնագրի մշակմանը։ Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին ներկայացրեց Հայաստանում բարեփոխումների ընթացքը՝ շնորհակալություն հայտնելով այդ առումով ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար: Կողմերն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին: Քննարկվեց Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, տարածաշրջանում փոքրամասնությունների պաշտպանության հարցերը։ Շեշտվեց ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը համախմբելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վերջին զարգացումները, իրավիճակը հակամարտության գոտում: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Մարգոտ Վալստրյոմը ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջև գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր։ Ստորագրման արարողությունից հետո նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

Նմանատիպ նյութեր