211652_close_icon
views-count6392 դիտում article-date 14:25 09-02-2016

Եթե ստորագրել, գնացել եք ԵՏՄ, փորձեք օգտվել այդ հնարավորությունից. Հրանտ Բագրատյան

Եթե Հայաստանը միացել է ԵՏՄ-ին, ապա պետք է փորձի օգտվել այդ հնարավորությունից, բայց դրանցից օգտվելու փոխարեն ԵՏՄ մտնելուց հետո էլ ԵՏՄ-ից եկող ապրանքները ներմուծվում են այնպես, ինչպես արտասահմանից: Այս մասին ասյօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ավելացնելով. «Եթե մտել ենք ԵՏՄ՝ ապրանքը, կապ չունի, Հրազդանից է գալիս, թե Մոսկվայից, ոչ մի ձևակերպում չկա, բայց ինչ ուզում, անում են, ասել ենք, էդ ի՞նչ եք անում»: «Դուք գիտեք, որ ես ԵՏՄ-ի երկրպագու չեմ եղել, հիմա էլ չեմ, որպես տնտեսագետ՝ ես ԵՏՄ-ում չեմ տեսնում որևէ պրոֆեսիոնալ հեռանկար հանրապետության տնտեսության համար: ԵՏՄ-ն միավորում է այնպիսի երկրներ, որոնք ունեն սիմետրիա արտադրության կառուցվածքում, պետք է լինի ասիմետրիա: Այս մասին ասել եմ, բայց նաև ասել եմ՝ եթե որոշել եք ԵՏՄ գնալ, սա էլ ինչ-որ հնարավորություններ ստեղծում է, փորձեք օգտվել դրանից»,-ասաց ՀՀ նախկին վարչապետը: 2015 թվականի 11 ամիսների տվյալները վկայում են, որ ԵՏՄ 170 միլիոնանոց շուկայի հետ Հայաստանը պակասեցրել է առևտուրը. Ռուսաստանի հետ` 9%-ով, Բելառուսի հետ՝ 10%-ով, Ղազախստանի հետ 15%-ով: Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ապագա խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը` «Ազատ Դեմոկրատներ, ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Հայոց համազգային շարժում» և այլն, պետք է մասնակցեն դաշինքով. եթե հաջողվի լայն կոալիցիա ստեղծել, ապա բոլորը ձայն են տալու այս միավորմանը, որովհետր միավորման դեպքում նրանք, ըստ Հրանտ Բագրատյանի, հաղթելու են պառլամենտական ընտրություններում:

Նմանատիպ նյութեր