211652_close_icon
views-count1219 դիտում article-date 16:08 05-02-2016

Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թ-ի 1-ին նիստը

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի առաջին նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, հանձնաժողովի կազմում ընդգրկված ՀԿ-ների նախագահներն ու անդամները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ օրակարգի քննարկվել է Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամ ՀԿ-ների ղեկավարները, ներկայացնելով իրենց կարծիքներն ու առաջարկությունները, նշել են, որ ուսումնասիրելով ընթացիկ տարվա ծրագիրը` եկել են այն եզրակացության, որ այն կազմվել է նախորդ տարիների ծրագրերի շարունակականության սկզբունքով, սակայն 2016-ի ծրագրում մի շարք նոր գաղափարներ ու նախաձեռնություններ են ներառվել: Այդ առումով ծրագիրը որակվել է որպես արդյունավետ ու միտված հատուկ կարիքներով մարդկանց կյանքի պայմանների էլ ավելի բարելավմանը: Խոսելով ծրագրի դրույթների մասին՝ հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից վստահեցրել է, որ 2015 թվականին Երևանի քաղաքապետարանի և հանձնաժողովի համատեղ կյանքի կոչված ծրագրերն իսկապես շարունակական կլինեն ու նաև միտված նոր գաղափարների իրագործմանը: Այս տարի ևս սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ուղղվածության ծրագրերում առաջնահերթության կարգով կներառվեն հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները: Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի տնօրեն Զարուհի Բաթոյանն առաջարկել է <<2016 թվականը հավասար հնարավորությունների տարվա>> շրջանակում քաղաքային ծրագրից դուրս հանդես գալ մեկ այլ նախաձեռնությամբ`ի նպաստ ոլորտի շահառուների: Քաղաքապետի առաջին տեղակալը համապատասխան վարչությունների պետերին հանձնարարել է համագործակցել առաջարկի շուրջ և ներկայացնել միջոցառման ձևաչափ, որում պարտադիր հաշվի կառնվեն մշակութային, սոցիալական և հոգևոր բաղադրիչները: Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների պետերին էլ հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի հետ: Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2016 թվականի ծրագիրը հաստատվել է միաձայն: Ծրագիրը կներկայացվի Երևանի քաղաքապետի վավերացմանը:

Նմանատիպ նյութեր