211652_close_icon
views-count57279 դիտում article-date 13:57 04-02-2016

Տարածաշրջանային մրցավազք՝ դեպի Էկվադոր. մեկնաբանում է Վարդան Հարությունյանը

Այսօր՝ փետրվարի 4-ին, սկսվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Էկվադոր: Մինչ այդ Էրդողանն այցելել է Չիլի և Պերու: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Թուրքիայի նախագահի հիմնական խնդիրը Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն է, ինչպես նաև միջազգային, մասնավորապես Սիրիայում առկա իրավիճակի քննարկումը: Էրդողանի այցի մանրամասների վերաբերյալ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց «Հայ-Էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ: [b]- Պարոն Հարությունյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի նախագահի այցը Լատինական Ամերիկա և մասնավորապես Էկվադոր: Ի՞նչ խնդիրներ է իրականում փորձում լուծել Էրդողանը:[/b] - Գաղտնիք չէ, որ Թուրքիայի տնտեսությունը հայտնվել է փակուղում: Մի կողմից՝ նրա առջև փակվել են ռուսական շուկայի դռները և ռուսական կապիտալի հնարավորությունները, մյուս կողմից՝ նա լուրջ խնդիրներ ունի նաև Ասիայում, քանի որ մեղմ ասած, ոչ բոլոր ասիական պետություններին դուր եկավ Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցում: Սրա հետևանքով թուրքական տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում, որովհետև սև ամպեր են կուտակվում նաև եվրոպական ուղղության վրա: Այս իրավիճակից դուրս գալու համար Թուրքիան փորձում է նոր շուկաներ նվաճել, իսկ մյուս ամենից խոշոր շուկան Լատինական Ամերիկան է և մասնավորապես, Էկվադորը: Նախ Թուրքիան պատրաստվում է արտահանում իրականացնել Լատինական Ամերիկա, ապա այնտեղից ներկրել հարավամերիկյան արտադրանք, Էկվադորի պարագայում դա բանանն է և էկզոտիկ այլ մրգերը, ծաղիկը, ծովամթերքը, կակաոն և այլն, և այդ ներմուծմամբ գրավել տարածաշրջային շուկաները: Սա թուրքական տնտեսության համար կարող է նոր թռիչքի հնարավորություն դառնալ, մանավանդ եթե քննարկվում է ազատ առևտրի հեռանկարը: Պետք է նաև նշել, որ Էրդողանի այցը քաղաքական նպատակներ էլ է հետապնդում. Թուրքիան փորձում է հնարավորինս չեզոքացնել միջազգային հարաբերություններում մեկուսացվելու հեռանկարը, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը Եվրոպայի հետ ոչ ջերմ և արաբական աշխարհի հետ անհաշտ հարաբերությունների ֆոնին ռեալ վտանգ է ստեղծում, որ Թուրքիան կարող է հայտնվել լիակատար մեկուսացման մեջ, ինչն իր հերթին կարող է հանգեցնել Թուրքիայի համար կենսական անդառնալի կորուստների: [b]- Արդյո՞ք Թուրքիան մեկ անգամ ևս կկարողանա շահած դուրս գալ ներկա իրավիճակից: [/b] - Իրականում Թուրքիայի մտահղացումը շատ լավն է, բայց դժվար է այն իրագործելը: Հիմնական բարդությունը հարևանների հետ ոչ միանշանակ հարաբերություններն են: Մեծ շուկաները, որոնք գրավելու թաքուն հույս ունի Թուրքիան, Իրանն է և Ռուսաստանը: Վերջինս շատ երկար ժամանակով փակ կլինի Թուրքիայի համար, իսկ Իրանը հեշտությամբ չի համաձայնի թուրքական նախագծին: Մանավանդ որ Իրանն ինքն է այս պահին փորձում ջերմ հարաբերություններ հաստատել Էկվադորի հետ, սակայն Իրանի առջև ծառացած արտաքին մարտահրավերներն այնքան շատ են, որ Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների և հատկապես առևտրատնտեսական կապերի զարգացումը դեռևս որոշակի ժամանակ է պահանջելու: Ինչ վերաբերում է թուրքական նախագծին, ապա Թուրքիային մեր տարածաշրջանում մնում են միայն Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք բավարար չեն նման ծավալի առևտրի սպառման համար: [b]- Իսկ չէր կարող արդյո՞ք Հայաստանն իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը: [/b] - Հայաստանը, միանշանակորեն, շատ ավելի բարենպաստ դիրքում է և կարող է որոշակի լուրջ դերակատարություն ստանձնել Էկվադորի և մեր տարածաշրջանի միջև ձևավորվելիք առևտրատնտեսական հարաբերություններում, քանի որ մի կողմից Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների շուկաները մեզ համար ավելի հասանելի են, մյուս կողմից՝ ներկա պահին հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման փուլում են, ինչը ռեալ հնարավորություն է իրանական 80-միլիոնանոց շուկա մուտք գործելու համար: Սակայն Էկվադորի համար Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու այս նախագիծը կարիք ունի պետական աջակցության, քանի որ հարաբերության հիմքերն ամուր դնելու համար անհրաժեշտ են միջպետական պայմանավորվածություններ: Առաջին փուլից հետո, վստահ եմ, որ հայ գործարարները շատ արագ կկարողանան առևտրաշրջանառությունը զգալի ծավալի հասցնել: Նշեմ, որ թեև նման պայմանավորվածություններ այս պահին չկան, այդուհանդերձ արդեն որոշ հայ գործարարներ ունեն էկվադորական ապրանքները Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և Ղազախստան արտահանելու փորձ: Ասվածը լավագույն ապացույցն է նրա, որ Հայաստանի միջոցով Էկվադորի արտադրանքը մեր տարածաշրջան ներմուծելու նախագիծը լիովին իրագործելի է:

Նմանատիպ նյութեր