«Չարենցավան»-ը ներկայացվեց դուդուկի ելևէջներով. ներկա էին սիրված մտավորականներ Գևորգ Դաբաղյանն ու Գագիկ Գինոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երաժշտասեր մարդկանց միջավայրում  Մետաքսի Ճանապարհ Հյուրանոցում տեղի  ունեցավ դուդուկահար Արսեն Պետրոսյանի «Չարենցավան» անվանումով  ձայնասկավառակի շնորհանդեսը:
  Տաղանդավոր դուդուկահարը, թեև երիտասարդ տարիքի,  արդեն իսկ հասցրել է երաժշտական ուղի անցնել ու հաստատվել այդ ասպարեզում:
  ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի  սանը բնատուր տվյալների և աշխատասիրության  շնորհիվ կարողացավ  հավուր  պատշաճի ներկայանալ  իրեն շնորհավորելու եկած  հյուրերին:
  Ողջույնի խոսքերից հետո նա հաճելիորեն զարմացրեց  փոքրիկ նվագախմբի հետ  իր կատարումներով: Հնչեցին Սայաթ- Նովայի , գուսան Շերամի, Գրիգոր Նարեկացու  ստեղծագործությունները:
 Ի դեպ, ձայնասկավառակում ներառված է 9 աշխատանք:  Ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն  դարձնելու համար մեծ աջակցություն էր ցուցաբերել Pomegranate music ընկերության նախագահ Ռաֆֆի Մենեշյանը:
   Տեղեկացնենք  նաև, որ շուտով այն հասանելի  կլինի  համացանցում: Մինչ այդ հյուրերը, որոնց շարքում էին փոխքաղաքապետ Գրիշա  Սարիբեկյանը, Գագիկ Գինոսյանը և այլոք, երաժշտի  կողմից նվեր ստացան վերոհիշյալ ձայնասկավառակը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


