1879 դիտում
13:31 01-02-2016
Հակահայկական բանաձևերն ուղղակի ու անուղղակի փորձ էին՝ ԼՂ հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու նման լիազորություն չունեցող մի կառույց. Գ. Սահակյան
Հարգելի գործընկերներ,
անցյալ շաբաթ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը քննարկեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող երկու բանաձեւ, որոնք յուրատեսակ փորձաքար դարձան եվրոպական այդ կառույցի համար: Ըստ էության, իրականությունը խեղաթյուրող, ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացն արգելակող այդ բանաձեւերը դրանց հեղինակների կողմից փորձ էին՝ վարկաբեկելու եվրոպական այդ բարձր հարթակը եւ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելու միջազգային հանրությանը: Դրանք նաեւ ուղղակի ու անուղղակի փորձ էին ստվերելու, թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը մասնակից դարձնելու մի կառույց, որը նման գործառույթ ու լիազորություն չունի: Մինչդեռ բանաձեւերի քննակմանը նախորդած իրենց հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւս մեկ անգամ հիշեցրել էին ԵԽԽՎ-ին եւ միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձեւաչափն է: Նրանք հորդորել էին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը: Իսկ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում ընդունված հայտարարության մեջ նշվում էր. «Եվրախորհրդարանն արձանագրել է, որ «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափն է»:
Այդ բանաձեւերի քննարկմանը նախորդած գործողությունները եւ քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես ուժեղ զենք է, որը երբեք չի կորցնում իր կարեւորությունը, եւ որը մենք կարող ենք խելամտորեն օգտագործել: Ընդ որում, խոսքը վերաբերում է թե մեր պատվիրակության անդամներին, թե նրանում չընդգրկված մեր գործընկերներին: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր պատգամավորներին, ովքեր այս ընթացքում իրենց գործընկերների հետ քննարկումներում, միջազգային տարբեր կառույցներում եւ ձեւաչափերում արժանապատվորեն ներկայացրեցին հիշյալ բանաձեւերում արծարծված հարցերի իսկությունն ու ենթատեքստերը, դրանց շարժառիթները, դրդապատճառներն ու հնարավոր հետեւանքները:
Հարգելի գործընկերներ,
ԵԽԽՎ-ում քննարկված հիշյալ երկու բանաձեւերը, իրենց ոչ հայանպաստ բովանդակությամբ հանդերձ, գործողությունների առումով որոշակի բարերար ազդեցություն ունեցան՝ եւս մեկ անգամ փաստելով միասին գործելու մեր կարողությունը եւ համատեղ ջանքերով արդյունքի հասնելու ներուժը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն խորհրդարանական ուժերին, ի պատիվ որոնց պետք է ասեմ, որ միջկուսակցական հարաբերություններն ու տարբեր հարցերի շուրջ տարբեր տեսակետները, անհամաձայնությունները եւ նաեւ վիճաբանությունները չխանգարեցին նրանց համատեղել ջանքերն ընդդեմ հակահայ դրսեւորումների, հանուն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների: Իրենց գործողություններն ու հնարավորությունները նույն ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ծառայեցրին պետական եւ ոչ պետական կառույցները, հասարակական ու ոչ կառավարական կազմակերպությունները, կառավարող ու ընդդիմադիր, նրանց գործընկեր ու հակընդդեմ կուսակցությունները, մի խոսքով՝ քաղաքացին ու պետությունը: Շնորհակալ լինելով նրանց բոլորին՝ նաեւ երախտագիտությունս եմ ուզում հայտնել սփյուռքի մեր հայրենակիցներին ու կազմակերպություններին, որոնք այս դեպքում եւս իրենց հայանպաստ գործողություններով սատար ու պատվար էին Հայաստանին ու Արցախին:
Հարգելի գործընկերներ,
անկախ քվեարկության արդյունքներից՝ ԵԽԽՎ թե հիշյալ, թե ընդհանրապես որեւէ բանաձեւ պետք չէ դիտարկել հաղթանակի կամ պարտության տեսանկյունից, մանավանդ որ, ինչպես ասում են՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը բազում տերեր ունի: Փաստն այն է, որ մենք կարողանում ենք գիտակցել մեր ուժը եւ այն միասնաբար օգտագործել ի շահ երկրի: Թեպետ կեղծիքը մնում է կեղծիք, անկախ իր ծավալից, այդուհանդերձ, այն, որ բոլորիս ջանքերի արդյունքում եվրոպական կարեւորագույն հարթակներից մեկում ձախողվեց այսպես կոչված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» մտացածին վերնագրով ու կեղծ բովանդակությամբ զեկույցը, վկայում է, որ ԵԽԽՎ-ում բոլորը չէ, որ իրականությունը տեսան Բաքվի նավթային աշտարակից: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, ովքեր ձեռնպահ մնացին այդ կառույցը վարկաբեկող գործողություններից ու մտածելակերպից, այն հակաճշմարտության եւ շահախնդրության ամբիոնի վերածելուց, գայթակղություն, որին սակայն չկարողացան դիմադրել թե այդ բանաձեւերի հեղինակները, թե դրանց կողմ քվեարկած պատգամավորները: Հենց դրա արդյունքն էր այն, որ քննարկված բանաձեւերից մեկը, այդուհանդերձ, ընդունվեց: Սակայն կարծում եմ, որ դա չպետք է դարձնել քաղաքական ու քաղաքագիտական էժանագին շահարկումների առարկա, առավել եւս՝ վերածել անմաքուր, անազնիվ խաղերի: Մենք պետք է կարողանանք աշխատել ավելի ջանասիրաբար, ավելի նվիրված եւ որեւէ բան ավելի բարձր չհամարել երկրի ու ժողովրդի, Հայաստանի ու Արցախի, հայության շահից: Պետք է շարունակենք մեր միասնական գործունեությունն ու գործողությունները առանց ընկրկելու, ոչ թե ետ, այլ առաջ նայելով: Մեր երկիրը բոլորիս համախմբված, համատեղ աշխատանքի կարիքն ունի թե' խաղաղ, թե' ռազմական ճակատներում, թե' ներքին, թե' արտաքին խնդիրների լուծման ճանապարհին:
Նմանատիպ նյութեր
2235 դիտում
22:42 19-11-2019
«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ