211652_close_icon
views-count2550 դիտում article-date 22:19 30-01-2016

Մեծանուն բժշկապետի 85-ամյակն է

Հունվարի 31-ին մեծանուն բժշկապետ, մեր հարգարժան ուսուցիչ, մեծ գիտնական ու կազմակերպիչ, Հայաստանի առողջապահության երկարամյա նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի 85-ամյակն է։ Բազմակողմանի զարգացած ու հեռատես գործիչը մինչև այսօր էլ շարունակում է իր դերակատարությունն ունենալ առողջապահության ոլորտի զարգացման գործում։ 1975-1989թթ.-ին` լինելով Հայաստանի առողջապահության մինիստր, իրեն բնորոշ խորաթափանցությամբ մեր փոքրիկ հանրապետությունում մշտապես ներդնելով նորն ու առաջադեմը` ամուր հիմքեր էր նախապատրաստում համակարգի այսօրվա զարգացումների համար։ Այդ տարիներին կառուցվեցին բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ, կենտրոններ, կլինիկական ու գիտական ինստիտուտներ։ Մեծ թափ հաղորդվեց շրջանային հիվանդանոցաշինությանը։ Առանձին դեպքերում Հայաստանն օրինակ էր դառնում ԽՍՀՄ այլ հանրապետությունների համար։ 1992-ին, երբ երկիրը տնտեսական ծանր վիճակում էր, ակադեմիկոս Գաբրիելյանը` համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կարողացավ Հայաստանում ստեղծել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը», որ նույնպես առաջինն էր հետխորհրդային երկրներում։ Կենտրոնի հիմնադրումն անչափ կարևոր էր առաջին հերթին մեր բնակչության առողջության և դեղերի անվտանգության ապահովման գործում։ Դեռ գործունեության ընթացքում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականն իր գիտելիքներն ու մոտեցումները մեծ մարդուն բնորոշ շռայլությամբ էր փոխանցում սաներին։ Էմիլ Գաբրիելյանն անվերապահորեն սատարում և կանաչ ճանապարհ էր հարթում` վստահելով անձի մասնագիտական կարողություններին ու գաղափարներին։ Ես հպարտ եմ, որ Էմիլ Գաբրիելյանի սաներից մեկն եմ եղել` արժանանալով նրա աջակցությանն իմ կայացման գործում։ Շնորհավոր ծննդյանդ օրը, սիրելի՛ ուսուցիչ, մեծանուն մարդ և ականավոր բժշկապետ։ Արմեն Մուրադյան ՀՀ առողջապահության նախարար

Նմանատիպ նյութեր