211652_close_icon
views-count1058 դիտում article-date 18:04 29-01-2016

Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը Ստոկհոլմում

Հունվարի 28-ին Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում տեղի ունեցավ հայ անվանի մտավորական, գրող, հրապարակախոս Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շվեդերեն հրատարակության շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, կրոնական և մշակութային հաստատությունների ղեկավարներ, մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Շվեդիայի նախկին դեսպան Հանս Գուննար Ադենը, ով հեղինակել է շվեդերեն հրատարակության նախաբանը։ Նա անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին, Զորի Բալայանի անցած ուղուն, ներկայացրեց գրքի բովանդակությունը: Ելույթին հետևած քննարկման ժամանակ Զորի Բալայանը խոսեց գրքի, այն գրելու դրդապատճառների մասին։ Նա անդրադարձավ նաև «Կիլիկիա» առագաստանավով ճամփորդության ժամանակ Ստոկհոլմ կատարած իր նախորդ այցելությանը, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության տարիներին հազարավոր հայերի կյանք փրկած շվեդ միսիոներուհի Ալմա Յոհանսոնի հիշատակին։ Զորի Բալայանը խոսեց արցախյան հակամարտության, դրա սկզբնապատճառների մասին: Ելույթ ունեցավ նաև Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը` ներկայացնելով Զորի Բալայանի հասարակական-քաղաքական գործունեությունը, նրա իրականացրած բազմաբնույթ նախաձեռնությունները, գիտարշավ-ճանապարհորդությունները և թողած մեծ գրական ժառանգությունը։ Միջոցառումը շարունակվեց հայկական դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով և հեղինակի կողմից գրքի ստորագրությամբ։ Իր այցելության ընթացքում Զորի Բալայանը հանդիպումներ ունեցավ նաև շվեդահայ համայնքի հետ: Սյոդերթելյեի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում հանդիպմանը ցուցադրվեց ՀՀ պետական մրցանակի արժանացած «Արմենիա». ծովից ծով» վավերագրական ֆիլմը, որին հետևած զրույցի ընթացքում համայնքի անդամները բարձրացրեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր։ Տեղեկանք: Զորի Բալայանի «Հաղթելով մահին» վեպի շնորհանդեսով մեկնարկեց Ստոկհոլմի թագավորական զինապալատ-թանգարանում հայկական միջոցառումների շարքը, որը ներառելու է նաև «Մետաքսի առևտրի հետքերով. Հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» ցուցադրությունը, հայ-շվեդական պատմական առնչությունների մասին դասախոսություն և հայկական հեքիաթների ընթերցումներ շվեդ մանուկների և պատանիների համար:

Նմանատիպ նյութեր