ԵԽԽՎ-ն ընդունեց Միլիցա Մարկովիչի «զեկույց-մուտիլովկան»
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը փոփոխություններով ու լրամշակումներով ընդունեց Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը:
Կողմ քվեարկեց 98, դեմ` 71 պատգամավոր: Զեկույցի նախագծի քվեարկությանը ձեռնպահ էր 40 պատվիրակ:
Հնչած ելույթներում առկա էր քննադատություն զեկույցի վերաբերյալ: Պատգամավոր Ռուդի Սալը (Ֆրանսիա, ԵԺԿ, ՔԴ) ընդգծեց, որ Մարկովիչը զեկույցը պատրաստել է առանց լինելու տեղանքում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման գործում, և նման զեկույցների ներկայացումը կվտանգի կարգավորման գործընթացը»,-համոզմունք հայտնեց Սալը:
«Արմենպրես»-ը փորձում է կապ հաստատել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակների հետ` ներկայացնելու մանրամասներ, թե կոնկրետ որ կետերն են լրամշակվել քվեարկությունից առաջ` տեքստը առավել հավասարակշռելու նպատակով:
Մարկովիչի զեկույցի քվեարևկությունից առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժեց բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քեվարկեց 66, դեմ 70 պատգամավոր: