211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:41 21-01-2016

Տեղի ունեցավ միջազգային գիտաժողով` նվիրված փոխնակ մայրության իրավական հիմնախնդիրներին

Փոխնակ մայրության իրավական հիմախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովը միավորեց Հայաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի մասնագետներին, որոնք ներկայացրին իրենց երկրի փորձառությունը: Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր փոխնակ մայրության, ինչպես նաև առողջապահության ոլորտի պատշաճ իրավական կարգավորման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ողջունեց փոխնակ մայրության իրավական հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողով կազմակերպելու նախաձեռնությունը։ «Վերարտադրողական առողջության հետ կապված բոլոր խնդիրները գտնվում են ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարության, այլև ՀՀ կառավարության և երկրի նախագահի վերահսկողության ներքո: Վերջին օրերի զարգացումները փաստում են այն մասին, որ երեխաների, ինչպես նաև վերարտադրողական առողջությունը մեզ համար գերակա խնդիրներից է»,- ասաց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով` մոր և մանկան առողջությանը վերաբերող ցուցանիշները ներկայացնում են յուրաքանչյուր երկրի զարգացվածության աստիճանը: Արտացոլում են, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի, այնպես էլ` երկրի բարեկեցության և զարգացման միտումները։ «Վերջին տարիներին մենք ունենք մանկական և մայրական մահացության նվազեցման կայուն միտում»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ այս հիմնախնդիրները շարունակաբար արտացոլվում են ՀՀ կառավարության և մասնավորապես` առողջապահության նախարարության ռազմավարական փաստաթղթերում: 2016թ. նախատեսված է մշակել և հաստատել Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ռազմավարության և 2016-2020թթ. գործողությունների ծրագիրը: Նախարարի գնահատմամբ` այսօր Հայաստանում վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի ներդրման և խթանման համար առկա է բարենպաստ ինստիտուցիոնալ և օրենսդրական դաշտ: Նշենք, որ 2002թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքն անդրադառնում է նաև վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հետ կապված կարգավորումներին և իրավահարաբերություններին` առողջության պահպանման իրավունքի տեսանկյունից: Օրենքում առաջին անգամ անդրադարձ է կատարվում Փոխնակ մայրության ինստիտուտին` սահմանելով դրա հետ կապված հիմնական հասկացություններն ու հարաբերությունները: Արմեն Մուրադյանը գիտաժողովի մասնակիցներին մաղթեց արդյունավետ և ստեղծագործ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ ծավալված քննարկումները կնպաստեն վերարտադրողական առողջության և իրավունքի ոլորտում հետագա զարգացումների ապահովմանը: Գիտաժողովի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև ՀՀ օրենսդրական բացերի վերլուծությանը, այլ մասնագիտական թեմաների:

Նմանատիպ նյութեր