3071 դիտում
13:34 21-01-2016
ԼՂՀ ԱԺ-ն կոչ է անում ԵԽԽՎ-ին տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթեր չընդունել
ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող բանաձեւերի նախագծերի ընդգրկման վերաբերյալ հունվարի 21-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ:
Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները: Ակնհայտ է, որ նշված զեկույցները եւ նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի եւ սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը:
Ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձեւերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլեւ կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ։
Ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից։
Նկատի առնելով վերոնշյալը եւ ընդունելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավական պետության եւ օրենքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց,
մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս,
կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին՝ հավատարիմ լինել Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը եւ զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից:
ԼՂՀ Ազգային ժողովի՝
«Հայրենիք»
«Դաշնակցություն»
«ժողովրդավարություն»
«Շարժում-88»
«Վերածնունդ» խմբակցություններ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
793 դիտում
15:59 13-11-2024
ՌԴ-ն աֆրիկյան երկրներին ներել է 20 մլրդ դոլարի պարտք
751 դիտում
14:28 13-11-2024
Պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները խթանելու գործում. Վրաստանի վարչապետ
1165 դիտում
23:23 12-11-2024
Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի ռազմաօդային ուժերի բազան գրոհելու մասին