113666 դիտում
10:15 19-01-2016
Արտակարգ իրավիճակ Էջմիածին-Արմավիր ճանապարհին. 40-ից ավելի ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով վթարի են ենթարկվել. մի քանի մեքենաներ կողաշրջվել ու գլխիվայր շրջվել են. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար:
4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվում, կամ էլ դուրս են գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում:
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ չեն հասցնում ավտոմեքենաները դարձի բերել և դաշտում հայտնված մեքենաները դուրս բերել երթևեկելի գոտի:Մի մեքենայից «պրծնում» են, մյուս վթարն է տեղի ունենում, ասես մեքենաները կարկուտի նման թափվեն:
Ֆոտոլրագրոիղը հայտնում է, որ կողաշրջված մեքենաներն են մարդատար Зил, КВЗ, Nissan March, «06», անգամ մի քանի վարորդներ չեն էլ սպասում ԱՊՊԱ-ի ժամանմանը՝ ասելով. «Միևնույն է, էնքան կտանեն-կբերեն, որ մենք դրա զահլան ու ներվերը չունենք»: Եվ երբ ՃՈ աշխատակիցները քաղաքացիների հետ դարձի են բերում ավտոմեքենաները, վարորդներն իրենց շնորհակալությունը հայտնելով ՃՈ աշխատակիցներին՝ գնում են իրենց գործերով:
Կողաշրջված КВЗ-ի միջից 6 հոգի տեղափոխվել են Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ այս պահին նրանք հետազոտվում են:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ այս վթարներին ականատես է եղել նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով «Ջիպ»-ով Երևանից գալիս էր Արմավիր՝ աշխատանքի. «Հույս ունենք, որ մարզպետը սեփական աչքով տեսածից հետո հետևություններ կանի և համապատասխան կառույցների աշխատակիցներին կհորդորի, որպեսզի ժամանակին կատարեն ճանապարհների մշակման աշխատանքներ, թե չէ՝ ի՞նչ, ավտոմեքենաները շուռ էկան, մարդկանց տարան հիվանդանոց, նոր պատասխանատուները բարեկենդանի նման աղն ու ավազն առած՝ հայտնվեցին մայրուղում»:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, վիրավորներին Մեծամորի հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատարի տեղակալ Յուրիկ Հովհաննիսյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16726 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ