Արտառոց իրավիճակ Երևանում. Սևանի փողոցը վերածվել է Սևանա լճի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ արտառոց իրավիճակ էր ստեղծվել Երևանում: Մայրաքաղաքի Սևանի փողոցը տևական ժամանակ վերածվել էր… Սևանա լճի:
Ձնհալի արդյունքում առաջացած ջրերը փողոցի մի ստվար հատվածում կուտակվել և յուրօրինակ լիճ էին դարձել: Ավտոմեքենաները, որոնք նախատեսված չեն լճով լողալու համար, ստիպված էին մեծ դժվարությամբ հաղթահարել բնական այս պատնեշը:
Էլ ավելի բարդ էր խնդիրը անցորդների համար, որոնք փողոցն անցնելու համար պետք է երկար պտույտ կատարեին՝ լիճը շրջանցելու համար:
Թե հատկապես որ պատկան մարմինների մեղքով էր նման իրավիճակ ստեղծվել, թողնում ենք, որ հենց իրենք պարզեն: Մենք միայն կարող ենք ասել, որ լիճը վերացնելու ուղղությամբ համապատասխան քայլեր այդպես էլ չտեսանք: Միգուցե, որոշել են, որ ամառը կգա, և լիճը ինքն իրեն կչորանա, կվերանա: