Յայա Տուրե. Խայտառակություն է, որ Օբամեյանգը ճանաչվել է Աֆրիկայի լավագույն խաղացող
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խայտառակություն է համարել, որ 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ոչ թե ինքը, այլ՝ «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
«Խիստ հիասթափված եմ: Ցավալի է տեսնել, թե ինչպես է Աֆրիկան գնահատում իր խաղացողներին:
Դա խայտառակում է Աֆրիկան, այդպես վարվելը անբարոյականություն է: Սակայն ի՞նչ կարող ենք անել: Մենք՝ աֆրիկացիներս, ցույց ենք տալիս, որ Աֆրիկան մեր համար կարևոր չէ: Մենք ավելի շատ գնահատում ենք դրսում տեղի ունեցածը, այլ ոչ թե՝ մայրցամաքում», ասել է Տուրեն:
Ընդ որում, Տուրեն հայտարարել է, որ Օբամեյանգը ամբողջ տարին գերազանց է հանդես եկել:
Հիշեցնենք, որ Կոտ-դ՜Իվուարի հավաքականը 2015թ. նվաճեց Աֆրիկայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Գանային: Գաբոնի հավաքականը, որի կազմում խաղում էր Օբամեյանգը, առաջին փուլից հետո դուրս էր մնացել:
Ամենազարմանալին այն է, որ Յայա Տուրեն 4 անգամ անընդմեջ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել՝ 2011-2014 թվականներին: