211652_close_icon
views-count18657 դիտում article-date 11:02 28-12-2015

Որտեղ եւ ինչպես է դիմավորում գեներալ Մանվել Գրիգորյանը Նոր Տարին, ովքեր են լինում նրա տան հյուրերը՝ ժամը 12-ից սկսած, ինչ գնահատականներով է ճանապարհում տարին եւ ավելին

Ինձ համար Նոր Տարին ընտանեկան տոն է: Ես միշտ Ամանորի գիշերն անցկացնում եմ մեր տանը` շրջապատված հարազատներով, ընտանիքի անդամներով, երեխաներով, թոռներով, երկրապահներով, մարտական ընկերներով: Սեղանին էլ ավանդական հայկական կերակրատեսակներ են լինում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա նաեւ ամփոփեց տարին, ում հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]-Պարոն գեներալ, ինչպիսի՞ն էր 2015 թվականը Ձեզ համար: [/b] -Վստահ եւ գոհունակությամբ կարող եմ ասել, որ հաջողությունների տարի էր: Անձամբ իմ մասով ասեմ` հասցրի բավական աշխատանք կատարել, կարողացա պիտանի լինել ե´ւ ընտանիքիս, հարազատներիս, ե´ւ հարազատ ընկերներիս` եռասերունդ երկրապահական ընտանիքին: Պիտանի եղանք նաեւ պետությանն ու հայոց բանակին: Բավական աշխատանք կատարեցինք նաեւ Ազգային Ժողովում: Եթե կոնկրետացնենք, թե որ ոլորտը նկատի ունեք, ոլորտ առ ոլորտ կանդրադառնանք: [b]-Ի՞նչ կարծիքի եք, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի եւ մեր բանակի մարտունակության մասին: [/b] - Մեր բանակը հզոր է, մարտունակ: Այսօր սահմանին կանգնած բոլորիս անվտանգությունը պաշտպանում է անկախության սերունդը: Իմ անվտանգությունը, իմ երեխաների, թոռների անվտանգությունը երաշխավորում են այն երիտասարդները, ովքեր դեռ չէին էլ ծնվել, երբ ես ու մարտական ընկերներս իրենց ծնողների անվտանգությունն էինք երաշխավորում: Հայկական բանակը վստահորեն վերահսկում է սահմանային իրավիճակը: Եթե թուրքերը ոտնձգությունների փորձ անեն, մեկին՝ տասը կստանան` ինչպես եւ միշտ է եղել: Ես վստահում եմ մեր երիտասարդությանը, վստահում եմ մեր զինված ուժերին՝ շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար, մինչեւ գերագույն գլխավոր հրամանատար: Ասել եմ ու կասեմ, որ հենց այսօր սահմանային զորամասում ծառայություն են իրականացնում, մարտական հանձնարարություններ են կատարում Արցախի նախագահ Բակո Սահակյանի որդին, Արցախի անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանի որդին: Այսինքն` Հայաստանի, Արցախի իշխանական էլիտան եւս գիտակցում է, որ հայրենիքի առջեւ պարտքը կատարելը բոլորին է վերաբերում: Հենց այդ պատճառով էլ մեր բանակում ոգին առավել ամուր է, մեր բանակն առավել մարտունակ է, քան Ադրբեջանինը, ուր խայտառակ բարքեր են: Ցավոք, թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելիս զոհվում, հաշմանդամվում են հերոս տղաներ: Ես ներողություն եմ խնդրում` խոստանալով, որ նենգ ոսոխի համար գալու է հատուցման դաժան պահը: Ամեն դեպքում, թանկագի՛ն մայրեր, վստահ եղեք, որ ձեր զավակները, ընտրելով գիտակցված մահը, անմահացել են: Նրանք այսօր երկնքից էլ հսկում են մեր անդորրը: Պատանի, երիտասարդ երկրապահները հենց նրանց օրինակով են կրթվում, դաստիարակվում: Արցախյան պատերազմի բովով անցած մեր երկրապահներն էլ անընդհատ լինում են սահմանամերձ զորամասերում, առաջնագծում, ոգեւորում, գոտեպնդում են հայ դիրքապահներին, իրենց փորձն են փոխանցում, իրենք էլ մոտիկից շփվում են այսօրվա իրավիճակին, ամեն ինչ պատկերացնում են: Դա եւս նպաստում է սահմանի ամրացմանն ու մեր տղաների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը: Երկրապահը մեկ անգամ` 1989-ին է մեկնել սահման եւ մինչ օրս սահմանին ենք, չենք վերադարձել: [b]-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումն ու ՀԱՊԿ տարեվերջյան գագաթաժողովի արդյունքները: [/b] -Դե, Մինսկի խմբի համանախագահները միշտ էլ փորձել են, փորձում են, փորձելու են մեր տարածաշրջանում խաղաղություն պահպանել, բայց, ցավոք, դուրս է գալիս` հասկացողին մին ասա, չհասկացողին` հազար ու մին: Ալիեւի համար առավել թանկ են նավթադոլարները, քան իր ժողովրդի անվտանգությունը: Նա գերադասում է կատարել Թուրքիայի թելադրանքը, միշտ ձգտում է ապացուցել, որ չի մոռացել, որ ինքն էլ թուրք է: Նա գերադասում է միշտ սահմանային իրավիճակը լարված պահել: Իր համար գրոշի արժեք չունի իր իսկ քաղաքացու, իր իսկ զինվորի, սպայի կյանքը: Դրա միակ գերխնդիրն իր իշխանության երկարաձգումն է: Ադրբեջանն իր ամեն մի ոտնձգության համար մեկին տասը ստանում է: Եթե փորձի առավել մեծ մասշտաբի ոտնձգություն կատարել, ապա կստանա այնպիսի լայնամասշտաբ հարված, որ տակից դուրս չի գա: Ինչ վերաբերում է մեր նախագահի ելույթին՝ ՀԱՊԿ-ում, ապա նա ասաց այն, ինչ պետք է ասեր: Նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ եւ դիպուկ խոսքեր ասաց՝ ոչ թե որեւէ մեկին վիրավորելու, այլ փաստերն արձանագրելու համար: ՀՀ նախագահի ելույթը սթափության կոչ էր աշխարհին, այդ թվում` աշխարհի ազդեցիկ ուժերին: Նախագահը զգուշացրեց, որ աշխարհն այլ ճանապարհով է ընթանում, ինչը լուրջ սպառնալիք կարող է դառնալ մարդկության համար: ՀՀ նախագահն աշխարհին հիշեցրեց, որ հարկավոր է ոչ թե ֆիզիկականին, սպառազինություններին զոռ տալ, այլ` գործել իրավական դաշտում` պայմանագրերով, օրինական փաստաթղթերով, իրավական ձեւակերպումներով, որ անհրաժեշտ է ամեն մի խնդրի խաղաղ կարգավորումը փնտրել-գտնել: Նախագահը նաեւ հասկացրեց աշխարհին, որ այսօր հայ զինվորը մեն-մենակ էլ կարող է դիմակայել թուրք-ազերիական ոտնձգություններին, հասկացրեց աշխարհին, որ հայ դիրքապահն է տարածաշրջանի խաղաղության երաշխավորը: -Պարո՛ն Գրիգորյան, դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի հարցում Երկրապահը, կարծես, շատ ակտիվ էր: Ինչո՞վ էր դա պայմանավորված: [b]-Երկրապահը պետության հիմնասյուներից է: Մենք մասնակցել ենք ե´ւ Արցախի, ե´ւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրմանը, անմիջականորեն մասնակցել ենք եւ Հայաստան պետության կայացմանը: [/b] Երկրապահն այն մարդն է, որ կանգնած է հայոց պետականության ակունքներում, ուրեմն եւ չենք կարող անտարբեր լինել պետության համար վճռական նշանակություն ունեցող հարցերում: Ամբողջ երկրապահական եռասերունդ ընտանիքը միանշանակ «Այո´» ասաց ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումներին: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների օգտին քվեարկեցին ավագ սերնդի երկրապահները, երիտասարդ երկրապահներն ու պատանի երկրապահների ծնողները: Ի դեպ, Հանրապետական կուսակցության հետ Երկրապահի համագործակցությունը խորը արմատներ ունի: Հանրապետականի բոլոր ղեկավարներն էլ երկրապահ են եղել: Աշոտ Նավասարդյանը երկրապահ էր, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանը Երկրապահի հիմնադիրն է եւ հավերժ նախագահը: Երկրապահ էր Անդրանիկ Մարգարյանը: Ուղնուծուծով, ապրած կյանքով, ողջ էությամբ երկրապահ է նաեւ ՀՀԿ այսօրվա ղեկավար, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Ես Սերժ Սարգսյանին ճանաչել եմ դեռ 1989-ից, երբ նա դեռ շարքային էր: Ես դեռ այն օրերից եմ տեսել այդ մարդու նվիրվածությունը հայ ազգին, Արցախին, անկախ պետականությանը: Սերժ Սարգսյանն անցել է պատերազմական թոհուբոհով, անցել է ամեն ինչի միջով, պատվով ղեկավարել է կարեւորագույն ոլորտներ` բոլոր ուժային գերատեսչությունները, նաեւ եղել է Հայաստանի տնտեսության պատասխանատուն: Այս ամենը տեսնելուց, ծանրութեթեւ անելուց հետո է նա եկել եզրահանգման, թե սահմանադրական որ կարգն առավել արդյունավետ կլինի Հայաստանում: Երկրապահները անվերապահորեն վստահում են իրենց մարտական ընկերոջը: Մենք մեր վերջին համագումարների բանաձեւերում հայտարարել ենք, որ աջակցում ենք նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հայրենանվեր ձեռնարկներին: Այսօր էլ մեր պարտքն էր նախագահին աջակցելը: [b]-Ովքեր դեմ էին Սահմանադրության փոփոխություններին, պետությանը դե՞մ էին գործում: [/b] -Ես նման բան չասացի: Եթե մարդիկ ունեն գաղափարական մոտեցում, եթե ինչ-ինչ սկզբունքներից ելնելով` այլ կերպ են մտածում, միանգամայն ընդունելի է: Կարեւորը, որ գործողությունների շարժառիթն ազնիվ, հայրենասիրական լինի: Իմ կարծիքով` ընդդիմադիրներից շատերն էլ արդեն հասկացել են, որ միայն խոսելով չէ, կարեւորը գործ անելն է, կարեւորը պետության, ազգի հզորացմանը նպաստելն է: Կարապի, խեցգետնի, գայլաձկան պատմությունը, նմանատիպ առակները ոչ թե նրա համար են, որ մենք էլ ամենքս դեպի մեզ քաշենք, այլ, որ միաբան լինենք եւ ազգովի միասնական ծրագիր իրագործենք: [b]-Ի սկզբանե ԵԿՄ ծրագրային դրույթներից էր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների խնդիրների կարգավորումը: Այդ ուղղությամբ ի՞նչ է արվել: [/b] -Մեր ավանդական գործունեության ոլորտներն են զոհված, անհայտ կորած, հաշմանդամ, ԵԿՄ անդամ ազատամարտիկների սոցիալական, իրավական, բարոյական խնդիրների լուծմանն աջակցելը, մեր մարտական ընկերների երեխաներին, թոռներին կրթություն ստանալու եւ աշխատանքի տեղավորման հարցերում աջակցելը: Հատկապես, որ առջեւում Նոր Տարի է: Պետք է հնարավորության սահմաններում նյութապես, բարոյապես աջակցենք երկրապահ ընտանիքներին, մեր նահատակ ընկերների թոռներին, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների, մեր ընկերների ընտանիքներին: Ամեն ինչ անում ենք, որ երկրապահ ընտանիքներում Ամանորին տոնական տրամադրություն լինի: [b]-Այսօր, որքան նկատել ենք, առավել շատ ծավալի աշխատանք տարվում է պատանի երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակման ուղղությամբ: Այդպե՞ս է: [/b] -Ոչ միայն պատանի, այլեւ` երիտասարդ երկրապահների: Այսօր պետության, ազգի, հայրենիքի համար կարեւոր խնդիր է պատանի, երիտասարդ երկրապահների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Պետք է վաղվա Հայաստանի համար լիարժեք մարդիկ կրթենք, դաստիարակենք: Այդ նպատակով մենք կայացրել ենք եռասերունդ երկրապահական ընտանիքը, այդ նպատակով անցկացնում ենք պատանի, երիտասարդ երկրապահների հրամանատարասերժանտական դասընթացներ` ներգրավելով այդ գործընթացում պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի, սփյուռքի, արդարադատության նախարարությունների, ոստիկանության, կադաստրի, Փաստաբանների պալատի մասնագետներին, հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորներին: 2015-ին այս ոլորտում էական հաջողություններ ենք ունեցել: Պատանի երկրապահների թիվը եռապատկվել է` հասնելով 30 000-ի: «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբներ են գործում Հանրապետության բոլոր դպրոցներում: Տարվա ընթացքում եռասերունդ Երկրապահն ունեցավ նաեւ հանգստի եւ ուսուցման կենտրոն Գեղարքունիքի մարզի անտառի մի գեղատեսիլ վայրում: Դա եւս իմ մարտական ընկերոջ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ ձեռք բերվեց: Մենք ջանալու ենք, որ ճամբարը նպատակային օգտագործվի տարվա բոլոր ամիսներին: Ի դեպ, ես ասացի, որ պատանի երկրապահների թիվն ավելացել է: Հստակորեն նշեմ, որ երիտասարդ երկրապահների, ավագ սերնդի երկրապահների շարքերը եւս ստվարացել են: Մեկ ամիս առաջ էր, որ ԵԿՄ շարքերը համալրեց 50 000-րդ անդամը: Այսօր արդեն կառույցի անդամ են մոտ 60 000 հոգի: Եվ մի կարեւոր հանգամանք նշեմ: Եռասերունդ Երկրապահի համար սկզբունք է, հավատամք է, որ վերեւում Աստված է, ներքեւում` ծնողներն ու առջեւում` հայոց անկախ պետականությունը, ազատությունը: Մեր ողջ գործունեությունն ուղղված է նոր սերնդի մոտ այս գաղափարի բյուրեղացմանը: Ինչ էլ որ անում ենք, դասընթաց կլինի, այցելություններ սահման, ուխտագնացություն Արցախ կամ ցանկացած այլ միջոցառում, ուղղված է այս 4 բառի իմաստի մեկնաբանությանը, այս 4 բառի արժեքի բացատրմանը: [b]-Ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո եւս Դուք հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկաք: Դա՞ ինչ նպատակ էր հետապնդում: [/b] -Կարեւորագույն գործ եմ համարում ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների` Ջուղայի խաչքարերի տեղադրումը Հայաստանի, Արցախի, նաեւ` Սփյուռքի բոլոր տարածքներում: Արդեն մոտ 4 տասնյակ խաչքար տեղադրել ենք, պրոցեսը շարունակական է: Այս նախաձեռնությամբ մենք աշխարհին ապացուցում ենք, որ հայ արվեստը, մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին, հայի հավատքն անմահ են: [b]-Ճի՞շտ եմ նկատել, որ պարգեւատրում եք բոլոր հայ կանանց: [/b] -Բոլոր հայ մայրերն էլ հերոսներ են: Հայ մայրերն էին, որ իրենց փեշի տակ պահեցին անկախության գաղափարը 600 տարի եւ նպատակահարմար պահին արարեցին անկախությունը ստեղծող, կայացնող, պաշտպանող սերունդ: Մայրապաշտ սերունդ դաստիարակելը եւս Երկրապահի առաջնահերթություններից է: Ուստի, ես հրաման եմ ստորագրել բոլոր երկրապահների մայրերին, բոլոր երկրապահ մայրերին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով պարգեւատրելու վերաբերյալ: Բնականաբար, հատուկ շնորհակալություն ենք հայտնել հայոց մեծ մայրիկին` մեր ազգին Սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին: [b]-Եվ մեր վերջին հարցը` որտե՞ղ եւ ինչպե՞ս եք անցկացնելու Նոր Տարին: Ի՞նչ մաղթանքներ ունեք Ամանորի կապակցությամբ: [/b] -Նոր Տարին ընտանեկան տոն է: Ես միշտ Ամանորի գիշերն անցկացնում եմ մեր տանը` շրջապատված հարազատներով, ընտանիքի անդամներով, երեխաներով, թոռներով, երկրապահներով, մարտական ընկերներով: Սեղանին էլ ավանդական հայկական կերակրատեսակներ են լինում: Իսկ մինչ այդ պարտադիր եռասերունդ երկրապահական ընտանիքով լինում ենք Եռաբլուրում, բոլոր եղբայրական գերեզմաններում: Առաջնահերթ շնորհավորում ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Արցախյան ազատամարտի նահատակներին Ամանորի կապակցությամբ: Դա մեր սրբազան պարտքն է: Ինչ վերաբերում է մաղթանքներին, ապա ես շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Շնորհավորում եմ մեր բանակին` շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին, մեր մեծ մայրիկին` հայ ազգին Սպարապետ պարգեւած Գրետա մայրիկին: Շնորհավորանքներս աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին: Մաղթում եմ, որ 2016-ը լինի իղձերի իրականացման տարի: Մեր ժողովրդին առողջություն, երջանկություն, հաջողություններ եմ մաղթում: Թող որ 2016-ը խաղաղության տարի լինի: Եվ ամենակարեւորը` մաղթում եմ մեր ազգին համախմբում, միասնականություն: Երբ մենք միասնական ենք, աշխարհի ոչ մի ուժ չի կարող մեզ կոտրել, չի կարող մեզ հաղթել: Միասնական հայությունն անպարտելի է: [b]-Շնորհակալություն անկեղծ հարզազրույցի միջոցով մեզ հետ տարին անփոփելու համար: [/b] -Ես էլ շնորհակալ եմ Ձեր ընթերցողների հետ իմ տեսակետներով կիսվելու առիթ ընձեռնելու համար: Աստված թող այս վայրկյանից սկսած՝ բոլորիս նպատկաները իրականություն դարձնի: Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր