211652_close_icon
views-count1367 դիտում article-date 18:21 25-12-2015

Նախարարը անակնկալ է պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի թիվ 38 մանկապարտեզ, որտեղ մասնակցել է ամանորյա հանդեսին: Նախարարը անակնկալ էր պատրաստել երեխաների համար` ներկայանալով Ձմեռ պապի կերպարանքով: Նա շնորհավորել է երեխաներին և նրանց նվերներ բաժանել: Միջոցառումն անցել է բարձր և տոնական տրամադրությամբ: Հանդեսի ավարտին լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ Ձմեռ պապի կերպարանքով հանդես գալով` ցանկացել է անակնկալ մատուցել և երեխաներին ուրախացնել: "Հուսով եմ, որ անակնկալը ստացված էր: Սա տարվա առաջին հայացքից ամենապարզ, բայց ամենաբարդ գործն էր: Հուզված եմ շատ և ցանկանում եմ, որ այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը: Երեխաներից լիցքավորվեցի այն ամենով, ինչի կարիքն ունի յուրաքանչյուր մեծահասակ` մաքրություն և անմիջականություն: Ձմեռ պապը բարության, հաճելի անակնկալների և վաստակած հաջողությունների գրավականն է: Ողջ տարի ապրում ես, սովորում, աշխատում, որովհետև կարծում ես, որ արժանի ես ինչ-որ բանի: Եվ այդ հանգամանքը պետք է անպայման փոխհատուցվի",-նշել է նախարարը և հավելել, որ մտահղացման հեղինակն ինքն է: Անդրադառնալով նախադպրոցական կրթության նշանակությանը` նախարարը նշել է. "Ես մանկապարտեզ չեմ գնացել։ Դա, իհարկե, լավ չէր, որովհետև մանկապարտեզը երեխաներին հասարակությանն ընտելացնելու և կրթական հիմքերը դնելու լավագույն ձևն է"։ Արմեն Աշոտյանն իր շնորհակալական խոսքն է հղել նաև մանկապարտեզի ողջ անձնակազմին` մտահղացման իրականացմանն աջակցելու և մանուկների համար գեղեցիկ տոն կազմակերպելու համար:

Նմանատիպ նյութեր