Երևան–Արմավիր ավտոճանապարհին Opel-ների բախումից մեկը գլխիվայր շրջվելով` հայտնվել է դաշտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի` Առատաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 57-ամյա Հրաչ Գյոզալյանի վարած Opel մակնիշի 35 OO 490 համարանիշի և Ալաշկերտ գյուղի բնակիչ, 31-ամյա Գագիկ Սահակյանի վարած Opel մակնիշի 34 CV 220 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան, իսկ Opel-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի